Փաստ մեկնաբանությամբ

Մ. Մամիկոնյան. «Վերջին 15 տարում տնտեսական ցուցանիշերով Հայաստանը երբեք վատագյուն երկրների թվում չի եղել»

8 րոպեի ընթերցում

Մ. Մամիկոնյան. «Վերջին 15 տարում տնտեսական ցուցանիշերով Հայաստանը երբեք վատագյուն երկրների թվում չի եղել»

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Moody's»-ի վարկանիշով Հայաստանը տարածաշրջանում գերազանցում է մի շարք երկրներին: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ կենտրոնական բանկի Դրամավարկային քաղաքականության արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի մակրոտնտեսագետ, Հայաստանի Ֆրանսիական համալսարանի միջազգային տնտեսագիտության դասախոս, տնտեսագիտության ամբիոնի վարիչ Մարգարիտա Մամիկոնյանը, Հայաստանը գերազանցում է Մոլդովային, Բելառուսին, Ուկրաինային, Վրաստանին, իսկ Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներից' Բոսնիա եւ Հերցեգովինային, Ալբանիային, Մոնտենեգրոյին:

«Moody's»-ը, «Fitch»-ը եւ «Standard & Poor's»-ը միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններ են: Մ. Մամիկոնյանի խոսքով' նրանք որակական եւ քանակական վերլուծությունների հիման վրա մեկնաբանություններ են տալիս տարբեր երկրներում կարեւորագույն քաղաքական, տնտեսական զարգացումների վերաբերյալ եւ սուվերեն վարկանիշ տալիս տվյալ երկրին, կառավարությանը:

«Սուվերեն վարկանիշը բնութագրում է այդ երկրի կառավարության կողմից իր առկա եւ սպասվելիք պարտավորությունների կատարման հավանականությունը: Այսինքն' որքան բարձր է տվյալ երկրի սուվերեն վարկանիշը, այնքան բարձր է այդ երկրի կողմից իր պարտքային պարտավորությունները կատարելու ունակությունը եւ պատրաստակամությունը»,-ասել է Մ. Մամիկոնյանը:

2006 թվականից սկսած Հայաստանը նշված 3 կազմակերպություններից երկուսում' «Moody's»-ում եւ «Fitch»-ում, ստանում է սուվերեն վարկանիշեր: 2006-ի հունիսին «Fitch»-ից ՀՀ կառավարությունը ստացել է սուվերեն վարկանիշ, իսկ 2006-ի օգոստոսին' բարձրացվել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը: Հեռանկարը, որը նույնպես սահմանվում է կազմակերպության կողմից, լինում է դրական, կայուն կամ բացասական: Դա ցույց է տալիս մոտակա ժամանակահատվածում, ասենք' 1-2 տարիների ընթացքում, սուվերեն վարկանիշի փոփոխության ուղղությունը: Եթե այն դրական է, նշանակում է պիտի բարձրացվի, բացասական է' պիտի իջեցվի, կայուն' բարեփոխումները գնում են իրենց ընթացքով: Այդպիսով' 2006 թվականին Հայաստանին «Fitch»-ի կողմից շնորհվեց BB- (Բի Բի մինուս) վարկանիշ' կայուն հեռանկարով: Իսկ «Moody's-ի կողմից 2006-ի հունիսին շնորհվել է Ba2 (Բի Էյ երկու) վարկանիշ' կրկին կայուն հեռանկարով:

«Այս երկու վարկանիշներն էլ, տրված թե' «Fitch»-ի եւ թե' «Moddy's»-ի կողմից, համարվում են երկրի վճարունակության միջին մակարդակի վարկանիշեր: Այսինքն' ցույց են տալիս, մատնանշում են տվյալ երկրի' իր պարտքային պարտավորությունները կատարելու, վճարունակության միջին մակարդակը:»Fitch»-ը 2006-ի հունիսին տվեց վարկանիշ, օգոստոսին հեռանկարը բարձրացրեց, այսինքն' պիտի ավելի բարձրացվեր: Եվ հաջորդ տարի արդեն' հերթական վերանայման ժամանակ, իրենք բարձրացրեցին Հայաստանի վարկանիշը' դարձնելով BB: Այսինքն' մի աստիճանով ավելի բարձր»,-ասել է Մ. Մամիկոնյանը:

Ինչ վերաբերում է վերջին վարկանիշերին, ապա ԿԲ ներկայացուցիչը նշել է, որ 2008-ին այդ գործակալությունների մասնագետները նորից եկել եւ հաստատել են նույն վարկանիշը: 2009-ին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված «Fitch»-ն իջեցրեց բազմաթիվ երկրների վարկանիշերը, այդ թվում' Հայաստանի: Այդ իսկ պատճառով այժմ «Fitch»-ի կողմից Հայաստանին շնորհված վարկանիշը BB- է' այն ելակետային վարկանիշը, ինչ-որ տրվել էր 2006 թվականին:

Իսկ «Moody's»-ն այս ամբողջ ընթացքում փոփոխություն չի կատարել' ոչ հեռանկարի, ոչ էլ սուվերեն վարկանիշի: Մ. Մամիկոնյանը նկատեց, որ Հայաստանի վարկանիշի փոփոխություն չի կատարվել, թեեւ շատ երկրների դեպքում է այն իջեցվել: Ըստ նրա' տրամաբանությունն այն է, որ տնտեսական գործընթացները, բարեփոխումներն իրենց հունով ընթանում են:

Fitch-ի վարկանիշով' Հայաստանն ունի «BB-» եւ այդ վարկանիշով ներկայում բարձր է Վրաստանից (B+), Ուկրաինայից (B): Արեւելյան Եվրոպայի երկրներից, կրկին «Fitch»-ի վարկանիշով, Հայաստանը հավասար է Սերբիային: Բացի այդ, «Fitch»-ը սահմանել է սուվերեն վարկանիշի վերին սահմանաչափ: Դա այն առավելագույն չափն է, որը Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները, ընկերությունները' եթե ցանկանան վարկանշվել «Fitch»-ի կողմից, առավելագույնը կարող են հավակնել վարկանիշի այդ աստիճանին: Ահա այդ վարկանիշով' վերին սահմանաչափի վարկանիշով, Հայաստանը Սերբիայից բարձր է:

«Ներկա զարգացումների փուլում մենք բարձր ենք նաեւ Հունաստանից: «Fitch»-ի վարկանիշով ԱՊՀ երկրների շարքում մեզ գերազանցում են այն երեք երկրները, որոնք նավթ են արդյունահանում' Ադրբեջան, Ղազախստան եւ Ռուսաստան: Բայց սա մեկ այլ դաշտ է»,-նշել է Մ. Մամիկոնյանը:

Նրա խոսքով' այս գործակալությունների կիրառած մեթոդաբանությունը եւ ընթացակարգը բավականին բարդ է ու հետաքրքիր: Նախ' իրենք յուրաքանչյուր երկրի համար ամբողջ տարվա ընթացքում ունեն պատասխանատու, պատասխանատու տնտեսագետ: այնտեղ ստացած իրենց տեղեկատվությամբ այցելում են Հայաստան: Տեղում նրանք հանդիպում են, իրենց հետաքրքրող հարցերն են տալիս, լսում են ոչ միայն պետական գերատեսչությունների, այլեւ մասնավոր, բանկային հատվածի ներկայացուցիչներին, հասարակական, գիտական, տնտեսագիտական կառույցներին եւ այլն:

«Ուշադրություն են դարձնում ամեն ինչի' երկրում առկա ցանկացած գործընթացի վրա»,- ասել է Մ. Մամիկոնյանը:

Անդրադառնալով գնաճին' ԿԲ ներկայացուցիչը նշեց, որ գնաճը դիտարկվում է երկրի մակրոտնտեսական ցուցանիշերի' առաջին հատվածի մեջ: Գնաճին ամենակարեւոր ուշադրությունն է դարձվում: Ըստ նրա' «Moody's»-ն իր գնահատականներում ավելի պահպանողական է եւ զգուշավոր: Ոչ միայն տվյալ պահի ցուցանիշերն են դիտարկվում, այլեւ դրանց զարգացման հեռանկարները: Այսինքն' եթե չի իջեցրել, դա նշանակում է, որ գնաճի մակարդակը կառավարելի է:

«Ես արդեն 15 տարի շարունակ, 1996 թվականից ի վեր, նաեւ մոնիթորինգ եմ անում եւ վերլուծում Հայաստանին տարբեր միջազգային կառույցների կողմից արված գնահատականները: Եվ վերջին գնահատականից, որ Հայաստանը համարվում է աշխարհի վատագույն երկրներից մեկը, պարզապես զարմացա: Դրանից հետո բոլոր 20 խոշորագույն կազմակերպությունների սանդղակներում, որոնք վարկանշում են երկրներին, նորից նայել եմ Հայաստանի վարկանիշը: Հայաստանը երբեք վատագյուն երկրների թվում չի եղել, եղել է միջին մակարդակում»,-ասել է Մ. Մամիկոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում