Հայաստան

«Արմենպրես»-ը հյուրընկալեց ճանաչողական այցով Իրաքյան Քուրդիստանից Հայաստան ժամանած լրագրողների խմբին

4 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ը հյուրընկալեց ճանաչողական այցով Իրաքյան Քուրդիստանից Հայաստան ժամանած լրագրողների խմբին

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված ճանաչողական այցի շրջանակներում Իրաքյան Քուրդիստանից լրագրողների խումբը հյուրընկալվել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում՝ ծանոթանալու վերջինիս գործունեությանն, ինչպես նաև քննարկելու հետագա հնարավոր համագործակցության ուղիները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրաքյան Քուրդիստանից ժամանած լրագրողների խմբին ողջունել են գործակալության գլխավոր խմբագիր Շանթ Խլղաթյանն ու միջազգային բաժնի թղթակից Դավիթ Մամյանը՝ հյուրերին ներկայացնելով գործակալության աշխատանքն ու քաղաքականությունը լրատվական դաշտում։ 

Քուրդ լրագրողների ընդունելությանն ողջույնի խոսքով հանդես եկավ գործակալության գլխավոր խմբագիր Շանթ Խլղաթյանը՝ պատրաստակամություն հայտնելով ուսումնասիրել և նախանշել հետագա հնարավոր համագործակցության տարբերակները։ Նա ընդգծեց, որ «Արմենպրես»-ը բաց է և պատրաստ է քննարկել քուրդ լրագրողների կողմից հնչեցվող առաջարկությունները՝ չբացառելով համագործակցության շուրջ հետագայում առավել առարկայական քննարկումների անցկացումը։ 

Քուրդ լրագրողներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին գործակալությանը ջերմ ընդունելության և կառուցողական քննարկման համար՝ «Արմենպրես»-ի անձնակազմին հրավիրելով պատասխան այց կատարել Իրաքյան Քուրդիստան՝ ծանոթանալու իրենց գործունեությանը։

Իրաքյան Քուրդիստանից ժամանած լրագրողական խմբի ղեկավար, Քուրդիստանի լրագրողների միության Զախո քաղաքի գրասենյակի քարտուղար Մոհամեդ Սադեք Մոհամեդը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ քրդական կողմը շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները և այն գործունեությունը, որն իրականացվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից։ 

Անդրադառնալով Հայաստան կատարած այցին և ստացած տպավորություններին՝ Մոհամեդ Սադեք Մոհամեդը նշեց, որ խումբը մեծ բավականություն և հարուստ տպավորություններ է ստացել Հայաստան կատարած այցից և հույս հայտնեց, որ նման այցերը շարունակական բնույթ կկրեն։

«Հայաստան այց կատարելն առաջին հերթին մեր մեծ ցանկությունն էր, քանի որ երբեք չէինք եղել այստեղ, բայց Հայաստանի մասին մշտապես դրականն ենք լսել։ Մեր ժողովուրդների միջև մշտապես եղել են եղբայրական հարաբերություններ։ Այցի նպատակներից է նաև հայ ժողովրդի հետ անմիջական շփումը։ «Արմենպրես» կատարած այցից հետո մենք լինելու ենք նաև Հայաստանի հանրային ռադիոյի քրդերեն հաղորդումների բաժնում, որը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի, քանի որ այն մի քանի տասնամյակ է, ինչ ամբողջ աշխարհին ներկայացնում է քրդական մշակույթն ու լեզուն։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս Քուրդիստանում ապրող հայերին և նրանց հետ մշտապես եղել ենք լավ հարաբերությունների մեջ, ուստի կցանկանայինք, որ նման մոտեցում լինի նաև Հայաստանում ապրող քրդերի նկատմամբ։ Հայաստանը շատ լավ երկիր է, և մենք շատ ենք հավանել այն», -  ասաց Մոհամեդ Սադեք Մոհամեդը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և հույս հայտնելով, որ կողմերին կհաջողվի քննարկել և գտնել լրատվական դաշտում համագործակցություն ծավալելու հնարավոր ուղիներ։

Այնուհետև Իրաքյան Քուրդիստանից ժամանած լրագրողական խմբի անդամները հանդես եկան համագործակցության շուրջ առաջարկներով՝ ստանալով նաև իրենց հետաքրքրող այլ հարցերի պատասխաններ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում