Մարզային

Հիմնանորոգվում է Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանահայ բարերար Կարապետ Նազարյանի կտակած 1 միլիոն դոլարով «Հայաստան» համահայկական հիմնադրամը Սյունիքի մարզում հիմնանորոգում է Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի մասնաշենքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, շուրջ կես դար առաջ կառուցված երկհարկանի մասնաշենքն առողջապահության ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կատարվել են նաեւ ամրացման եւ վերահատակագծման աշխատանքներ, միջհարկային փայտե ծածկերը փոխարինվել են բետոնե ծածկերով, տեղադրվել է նոր տանիք, նորացվել են ջրամատակարարման եւ կոյուղու համակարգերը, տեղադրվել' ջեռուցման ու օդափոխման համակարգեր: Բոլոր հիվանդասենյակներին կից կառուցվել են առանձին սանհանգույցներ: Ներկայում կառուցվում է նոր կաթսայատուն, որը բավարար հզորություն ունի հետագայում ծառայել հիվանդանոցի մյուս բաժանմունքներին: Ընթացքում են մասնաշենքի ներքին հարդարման ու արտաքին բարեկարգման աշխատանքները:

Հիվանդանոցի մանկական բաժանմունքում բուժվում են սոմատիկ հիվանդություններով երեխաներ: Գործում են վերականգնողական բժշկության ու ինտենսիվ թերապիայի կաբինետներ: Բաժանմունքը նախատեսվում է նաեւ համալրել նորածինների վերակենդանացման բաժնով: Այսօր այստեղ 15 բժիշկ ու բուժքույր է աշխատում' սպասարկելով տարեկան 400-450 երեխայի: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սմբատ Օրբելյանի խոսքով' բժիշկ-ռեանիմատոլոգ ունենալու դեպքում կարող են բուժել նաեւ նորածնային պաթոլոգիաներով երեխաներին: Գլխավոր բժշկի հավաստմամբ' հիվանդանոց բուժման են բերում նաեւ երեխաների Քաջարանից ու Մեղրիից:

Նորոգումից հետո «Հայատան» հիմնադրամը բաժանմունքին կտրամադրի կահույք, համապատասխան բուժտեխնիկա եւ շտապ օգնության մեքենա, որն արդեն Հայաստանում է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում