2 րոպեի ընթերցում
ԿԱՊԱՆ, 8 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: »Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ պատվերով Կապան քաղաքի կենտրոնում' մարզպետարանի հարեւանությամբ, չորս տարի առաջ մեկնարկած բիզնես կենտրոնի շինարարությունը նախատեսված էր ավարտել եկող տարի: Տնտեսական ճգնաժամի պատճառով կենտրոնի շահագործումը կուշանա, սակայն, ինչպես հավաստիացնում են պատասխանատուները, շինարարության որակի վրա աշխատանքների դանդաղումը չի ազդել, եւ Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել այն կառույցները, որոնց շինարարության ժամանակ տրվում են նման տեխնոլոգիական լուծումներ: Բիզնես կենտրոնի շինարարությունն իրականացնող «Ճարտարապետ Օլեգ Շոկարեւ» ընկերությունն արդեն սկսել է հարդարման աշխատանքները։ Ընթացքի մեջ է հյուրանոցային համարների սանհանգույցների սալիկապատումը: Շինարարության ընթացքում օգտագործվող նյութերի զգալի մասը բերվել է Եվրոպայից:
«Անվտանգության ապահովումը կարեւորագույն խնդիր է մեզ համար. ստորգետնյա ավտոկայանատեղիից սկսած' ամեն ինչ հաշվարկված է։ Օդափոխման, հովացման եւ ջեռուցման համակարգը գազով է աշխատելու, քիչ ծախսատար է, բարձր արդյունավետություն ունի։ Հակահրդեհային ավտոմատ համակարգն աշխատում է նույնիսկ այն ժամանակ, երբ էներգամատակարարումն է դադարեցվում։ Դիզելային վառելիքը համակարգի աշխատանքի այլընտրանքային աղբյուրն է», - «Արմենպրես»-ի Սյունիքի մարզի թղթակցի հետ զրույցում ասաց շինարարության պատասխանատու Գարիկ Շոկարեւը:
Բիզնես կենտրոնը Կապանի համար եզակի կառույց է լինելու: Այդ են վկայում շենքի ապակեպատ տանիքը, 4-րդ հարկում կառուցվող 80 տ տարողության լողավազանը, ֆրանսիական արտադրության ապակեպատ վերելակները, ձմեռային այգով սրճարանը եւ այլն: «Ձմեռային այգու ծաղիկներն էկզոտիկ բուսատեսակներ են լինելու, դրանց համար նախատեսված ծաղկամանների մի մասն արդեն տեղադրված են», - ասաց Գ.Շոկարեւը: