Մարզային

Գորիսի հիվանդանոց տեղափոխված բոլոր թունավորվածների առողջական վիճակն արդեն բավարար է

2 րոպեի ընթերցում

Գորիսի հիվանդանոց տեղափոխված բոլոր թունավորվածների առողջական վիճակն արդեն բավարար է

ԳՈՐԻՍ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 29-ին' ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, սննդային թունավորման ախտանշաններով Գորիսի Յոլյանի անվան հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված 17 հիվանդների կյանքին այլեւս վտանգ չի սպառնում, նրանց առողջական վիճակը բավարար է: «Թունավորվածներից 2-ը երեխաներ են, մյուս 15-ը չափահասներ, հոսպիտալացնելու պահին նրանցից շատերի վիճակը եղել է ծանր, մեկը' անգամ անգիտակից, միայն 4 հոգու ինքնազգացողությունն է բավարար եղել, սակայն նրանց նկատմամբ էլ ապահովության համար իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ: Երեկ ուշ երեկոյան արդեն բոլորը դուրս են եկել այդ վիճակից», - «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդանոցի փոխտնօրեն Լեւոն Հարությունյանը:

Մարզի գլխավոր սանիտարական բժիշկ Լենա Մալինցյանի խոսքով' ենթադրվում է, որ թունավորումը եղել է սննդային: Հավանաբար վարակի աղբյուր հանդիսացել է ղավուրման, որն ավելի քան 12 ժամ մնացել էր արեւի տակ: «Բացառվում է, որ վարակի աղբյուրը լինի ջուրը, քանի որ թունավորվածներն օգտվել են Տաթեւի եւ հյուրանոցի ջրից, որից շատերն են օգտվել: Առայժմ սննդի մնացորդները եւ հիվանդների անալիզներն ուղարկվել են փորձաքննության' ինֆեկցիայի օջախը պարզելու համար, վերջնական պատասխանը հայտնի կլինի 2-3 օրից», - ասաց մարզի գլխավոր սանիտարական բժիշկ Լենա Մալինցյանը:

Ավելացնենք, որ տուժողներն Արտաշատի թիվ 2 դպրոցի կոլեկտիվն է, ովքեր ավտոբուսով հունիսի 28-ին այցելել են Տաթեւ, սնվել իրենց հետ բերած ուտելիքներով, որից հետո գիշերել «Եղեւնուտ» հյուրանոցում: Այստեղ առավոտյան նախաճաշել են, սակայն օգտագործել են նաեւ իրենց հետ բերած ուտելիքները, որոնք նախորդ օրն ավելի քան 12 ժամ մնացել էին արեւի տակ, ոչ սառնարանում: Թունավորման հավանական պատճառը ղավուրման է, որը կանանցից մեկն էր պատրաստել իրենց տանը' էքսկուրսիայի նախորդ օրը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում