Ամերիկահայ գրողի բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը` Գյումրիում
2 րոպեի ընթերցում

ԳՅՈւՄՐԻ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի գեղագիտական կենտրոնում այսօր տեղի ունեցավ ծագումով գյումրեցի, ԱՄՆ-ում բնակվող երիտասարդ բանաստեղծ Հայկ-Արտյոմ Եսայանի «Ոգեզարթոնք» բանաստեղծությունների ժողովածուի եւ սկավառակի շնորհանդեսը: Երտասարդ հեղինակը սկսել է գրել 21 տարեկան հասակում եւ առաջին անգամ տպագրվելով Լոս Անջելոսի «Համայնքպատկեր» գրական-մշակութային ամսագրում, արդեն հասցրել է ընթերցողի իր թիմն ունենալ: Հեղինակի ինքնատիպ խոհափիլիսոփայական եւ քնարաշունչ գրվածքների առանցքը կյանքի, սիրո եւ մարդկային հարաբերություններն են' յուրահատուկ դրսեւորումներով:
Նշենք, որ սա Հայաստանի գրողների միության' Շիրակի մարզային մասնաճյուղի հերթական գրական կամուրջն է' Գյումրիի եւ սփյուռքում բնակվող հեղինակների միջեւ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց գրողների միության' Շիրակի մարզային մասնաճյուղի նախագահ Անդրանիկ Կարապետյանը, գյումրեցի ընթերցողն արդեն նմանատիպ հանդիպումներ ունեցել է ԱՄՆ-ում բնակվող հայազգի բանաստեղծներ Արփիկ Չամրազի, Սոնա Վանի, Ավիկ Տեյմիրճյանի հետ: «Ազգային ինքնության պահպանման հարցում շատ ենք կարեւորում Հայաստանից դուրս հայ մնալու գաղափարը: Իսկ «Ոգեզարթոնք»-ն արդեն հարթել է դեպի ընթերցողը տանող ճանապարը, ինչը երիտասարդ հեղինակի գրական ճանապարհի փայլուն մեկնարկի գրավականն է»,-նշեց Ա. Կարապետյանը: