Գեղարքունիքի մարզպետարանում եւ մարզի համայնքներում սկսվում են ՀՀ վերահսկիչ պալատի ստուգումները
4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի մշակույթի պալատում այսօր Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներին, մարզային ենթակայության բոլոր ձեռնարկությունների ղեկավարներին եւ մարզպետարանի աշխատակազմին հանդիպեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Բացելով հանդիպումը' Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը նշեց, որ գործող կարգի համաձայն' Գեղարքունիքի մարզում սկսվում են ՀՀ վերահսկիչ պալատի ստուգումները, որոնք տեղի են ունենում երեք տարին մեկ:
Ստուգումների ընթացակարգի մասին մանրամասներով հանդես եկավ Վերահսկիչ պալատի նախագահը: Իշխան Զաքարյանը ընդգծեց, որ ստուգումներն ընդգրկելու են 2008-2010 թվականների եւ 2011 թվականի առաջին 5 ամիսների գործունեությունը: Վերահսկողությունն ընթանալու է 2 ուղղությամբ' Գեղարքունիքի մարզպետարան եւ համայնքներ: Այս պահին ստուգումներից առայժմ զերծ է մնալու սոցիալական ոլորտը, քանի որ Վերահսկիչ պալատի կողմից այժմ լայնածավալ ստուգումներ են իրականացվում Հայաստանի այլ մարզերի կենսաթոշակային ու ընտանեկան նպաստների համակարգերում: Դրանք ավարտելուց հետո հանձնաժողովներն առաջիկա ամիսների ընթացքում ստուգումները կշարունակեն Գեղարքունիքի մարզի սոցիալական ոլորտներում:
Գեղարքունիքի մարզպետարանում ստուգումներն ընդգրկելու են շինարարական աշխատանքների, պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման, դրանց վարձակալության տրամադրման օրինականության, գյուղատնտեսության եւ այլ բանագավառներում իրականացվող ծրագրերի, մարզպետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների գործունեության, կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների օգտագործման, մարզի հանքավայրերի գործունեության ոլորտները:
Գեղարքունիքի մարզի համայնքներում ստուգումներն իրականացվելու են բյուջետային մուտքերի եւ ծախսերի, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի, անշարժ գույքի օտարման կամ վարձակալության տրամադրման, համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների գործունեության, գնումների ընթացակարգի, ապօրինի շինությունների վերլուծության եւ «Վարձատրվող հասարակական աշխատանք» ծրագրի իրականացման ոլորտներում:
Ստուգումները տեւելու են 24 օր եւ կարող են երկարաձգվել եւս 12 օր' Վերահսկիչ պալատի նախագահի համաձայնությամբ: Ի.Զաքարյանը հավելեց, որ 3 տարի առաջ մարզում կատարված ստուգումների արդյունքում որոշ համայնքներում հայտնաբերվել են աղաղակող խախտումներ ու թերություններ, որոնց ուղղման համար համայնքներին տրվել է ժամանակ եւ հնարավորություն: Այժմ կստուգվեն նույն համայնքները: Իրավիճակը շտկած համայնքների մասին կխոսվի բարձրաձայն, իսկ չշտկած համայնքների հանդեպ մոտեցումները կլինեն բավական խիստ: Մարզի յուրաքանչյուր տարածաշրջանում ստուգումներ կիրականացնի Վերահսկիչ պալատի մեկական վարչություն, իսկ Գեղարքունիքի մարզպետարանում' Վերահսկիչ պալատի 4-րդ վարչությունը: Վերահսկիչ պալատի նախագահն ընդգծեց, որ ստուգումների ընթացքում որեւէ բան չպետք է թաքցվի կամ ծածկվի, չպետք է թույլ տրվի որեւէ ապօրինի գործողություն, եւ խնդիրները մինչեւ վերջ ու պարզաբանված տեսքով ու օբյեկտիվորեն պետք է ներկայացվեն Վերահսկիչ պալատի ուշադրությանը:
Իշխան Զաքարյանը շեշտեց, որ իրենք հանդես են գալիս որպես գործընկեր եւ օգնող կազմակերպություն, եւ կատարվող ստուգումները միայն կազմակերպություններում օրինականությունը պահպանելու խնդիր են լուծում:
Ամփոփելով հանդիպումը' Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը բոլորին կոչ արեց' հնարավորինս նորմալ պայմաններ ապահովել հանձնաժողովների աշխատանքների իրականացման համար: