Մարզային

Շիրակյան բնապատկերները` նկարիչների 7-րդ սիմպոզիումի մասնակիցների աշխատանքներում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 12-ին Գյումրիում իրենց աշխատանքներն ավարտեցին նկարիչների 7-րդ սիմպոզիումի մասնակիցները:

Երկրորդ տարին է, ինչ Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանի եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանի նախաձեռնությամբ կազմակերպվող նկարչական փառատոնը հնարավորություն է տալիս հանրապետության նկարիչներին շրջիկ- հավաքներ կազմակերպել տարբեր մարզերում, ինչն, ըստ նկարիչների, ոչ միայն անձնական գեղանկարչական հավաքածուներն ընդլայնելու, այլ նաեւ միմյանց հետ շփվելու գերազանց հնարավորություն է: Անցած տարիների ընթացքում նմանատիպ շրջիկ -հավաքներ են անցկացվել Արցախում, Լոռիում, Սյունիքում, Վայոց ձորում:

Հունիսի 6-12-ն այցելելով Գյումրի եւ Շիրակի մարզի մի շարք տարածաշրջաններ' նկարիչները հնարավորություն ստացան ստեղծելու շիրակյան բնապատկերներ: Նրանք չորս օր շարունակ աշխատեցին Գյումրիի տարբեր հատվածներում, եղան Հառիճում, Ջաջուռում, Ախուրյանում եւ սահմանամերձ գոտում:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց գեղանկարիչ, սիմպոզիումի ղեկավար Գագիկ Ավետիսյանը, սիմպոզիումի ամենամեծ ձեռքբերումը նկարիչների տարբեր սերունդների մասնակցությունն է:

«Սիմպոզիումի ամենատարեց մասնակիցը հայտնի գեղանկարիչ Արմեն Աթայանն է, ով տեսել է Սարյան եւ Թադեւոսյան, իսկ ամենաերիտասարդ գեղանկարիչն ընդամենը նորավարտ ուսանողուհի է, ով գերազանց աշխատեց մեզ հետ: Սիմպոզիումի վերջնական արդյունքները կտեսնենք օգոստոսին' նկարիչների միջազգային փառատոնին, որի ընթացքում հայ գեղանկարիչների հետ իրենց աշխատանքները կկերտեն նաեւ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած նկարիչները, իսկ արդեն սեպտեմբերի 21-ին այս երկու հավաքներից ծնված աշխատանքները նախ կներկայացվեն Երեւանում, ապա Գյումրիում»,-նշեցԳագիկ Ավետիսյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում