Խճանկար

Մ.Սարյանի «Կովկասյան քաղաքի փողոց»-ը` Լոնդոնի աճուրդի ամենաթանկ վաճառված կտավների տասնյակում

2 րոպեի ընթերցում

Մ.Սարյանի «Կովկասյան քաղաքի փողոց»-ը` Լոնդոնի աճուրդի ամենաթանկ վաճառված կտավների տասնյակում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «MacDougall»-ի արվեստի աճուրդի կենտրոնում հունիսի 8-ին կայացած աճուրդում վաճառվել է աշխարհահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանի «Կովկասյան քաղաքի փողոց» կտավը: Այն նախնական գնահատվել էր 200-300 հազար անգլիական ֆունտ ստեռլինգ, աճուրդին վաճառվել է 324 հազար ֆունտ ստեռլինգով (361 հազար 697 եվրո): Վարպետը նկարն ստեղծել է 1927 թվականին Փարիզում: 1928 թվականին այն ներկայացվել է փարիզյան ցուցահանդեսում' Մ.Սարյանի մոտ քառասուն այլ ստեղծագործությունների հետ, որոնց մեծ մասը վառվել են նույն տարում Ստամբուլի նավահանգստում, Մարսելից Բաթումի ուղեւորվող «Ֆրիջի» նավի նավամբարում: Իսկ «Կովկասյան քաղաքի փողոց»-ը կորած էր համարվում մինչեւ վերջերս, երբ Երեւանում Սարյանի թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը նամակ էր ստացել հեռավոր Նոր Զելանդիայից: Նամակի հեղինակ Նիկ Մարինովիչը գրել էր. «Մեր ընտանիքում պահվում է Մարտիրոս Սարյանի կտավը: Արդյոք այն ձեզ հետաքրքրո՞ւմ է: Եվ ի՞նչ գին կարող եք առաջարկել դրա դիմաց»: Թանգարանը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը, ցավոք, չէին կարող հայթայթել բավականաչափ գումար' կտավը ձեռք բերելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «MacDougall»-ի արվեստի աճուրդի կենտրոնի պաշտոնական կայքէջը, «Կովկասյան քաղաքի փողոց»-ը օրվա ամենաթանկ վաճառված կտավների տասնյակում է: Աճուրդին ներկայացված էին նաեւ Սարյանի' 1909թ. ստեղծված «Բակ» եւ 1914թ. «Երեւանյան էտյուդ» գործերը, որոնք չեն վաճառվել:

Աճուրդին ամենաթանկը վաճառվել են Բորիս Կուստոդիեւի «Իրինա Կուստոդիեւայի դիմանկարը» 1 միլիոն 840 հազար 500 ֆունտ ստեռլինգով եւ Իվան Շիշկինի «Սոճիի անտառը» 1 միլիոն 136 հազար 300 ֆունտ ստեռլինգով: Աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Այրվող նավը» վաճառվել է 162 հազար 700 (181հազար 630 եվրո), «Առափնյա լանդշաֆտը»' 56 հազար 060 (62 հազար 583 եվրո) ֆունտ ստեռլինգով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում