Նորոգվում է Մեղրիի մշակույթի կենտրոնը
1 րոպեի ընթերցում
ՄԵՂՐԻ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետբյուջեից տրամադրված 40 մլն դրամով սկսվել են Մեղրի քաղաքի մշակույթի կենտրոնի նորոգման աշխատանքները: Քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանն «Արմենպրես»-ի Սյունիքի մարզի թղթակցին տեղեկացրեց, որ տրամադրված գումարով կհիմնանորոգվի կենտրոնի տանիքն ամբողջությամբ: Բացի դրանից, նախատեսված է նաեւ մասնակի նորոգել կենտրոնի երրորդ հարկի մի մասը, որը զբաղեցնում է գրադարանների համակարգը: Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտել երկու ամսից։ Քաղաքի մշակույթի կենտրոնի շենքը շահագործվել է 1980թ-ից եւ վերջին անգամ մասնակի նորոգման ենթարկվել 15 տարի առաջ:
«Տանիքից կաթող անձրեւաջրերը քայքայել են առաստաղը, պատերը ճաքճքել են, մանրահատակը քանդվել: Կա նաեւ գույքի խնդիր: Բայց կարեւորը տանիքն է, որի նորոգումից հետո կլուծենք նաեւ մյուս խնդիրները», - ասաց քաղաքապետը:
Մեղրիի մշակույթի կենտրոնը քաղաքում միակն է, որի դահլիճում են անցկացվում համաքաղաքային բոլոր միջոցառումները: Գրադարանային համակարգից բացի, այստեղ է գործում նաեւ արվեստի մանկական դպրոցը: