Մարզային

Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհը դեռեւս փակ է

2 րոպեի ընթերցում

Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհը դեռեւս փակ է

ՄԵՂՐԻ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա 2-3 շաբաթներին դեռեւս փակ կլինի Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 365-րդ կմ-ի հատվածը, որտեղ կիրակի օրը' հունիսի 5-ին' ժամը 15:00-ի սահմաններում Մեղրու սարից 8-10 հազար խմ հողային խոշոր զանգվածը թափվել ու լցվել էր 70 մետր ճանապարհահատվածի վրա: Իսկ մինչ այդ Մեղրիի հետ կապը կշարունակի ապահովվել Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի այլընտրանքային ճանապարհով, նաեւ' դեպքից հետո Մեղրիի ճանշին ձեռնարկության աշխատակիցների կողմից Մեղրի գետի երկայնքով կառուցած մոտ 300մ ժամանակավոր շրջանցիկ ճանապարհով, որը, սակայն, ամբողջովին ճահճուտների ու գրունտային ջրերի միջով է անցնում, ինչը դժվարացնում է մեքենաների տեղաշարժը:

Հողային զանգվածի փլուզումը տեղի է ունեցել Այգեձորի խաչմերուկից դեպի Վարդանիձոր համայնք տանող ճանապարհահատվածում, որտեղ հարակից սարի տարածքով հոսող առուն վերջին շրջանում առատ տեղումներից վարարել եւ դուրս է եկել հունից ու հոսելով' սարից հողազանգվածը լցրել ճանապարհին: Դեպքից մի քանի ժամ անց Մեղրու ճանշին ձեռնարկության աշխատակիցները ձեռնամուխ են եղել ճանապարհի մաքրման աշխատանքներին: Մարզպետարանի տրանսպորտի բաժնից «Արմենպրես»-ի Սյունիքի մարզի թղթակցին տեղեկացրին, որ այսօր դեպքի վայր կժամանեն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչները, որոնց կողմից կհաշվարկվեն փլուզման հետեւանքով առաջացած վնասի չափերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում