Մարզային

Վլ. Մովսիսյան. «Ժամանակն է լուծելու Սեւանա լճի հիմնախնդիրները»

2 րոպեի ընթերցում

Վլ. Մովսիսյան. «Ժամանակն է լուծելու Սեւանա լճի հիմնախնդիրները»

ԳԱՎԱՌ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանն այսօր Գավառի պետական համալսարանում հանդիպեց պրոֆեսորադասախոսական կազմի եւ տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը գավառից, հանդիպմանը Վլ. Մովսիսյանը խորությամբ եւ բազմակողմանիորեն ներկայացրեց Սեւանա լճի առջեւ ծառացած խնդիրները: «Սեւանը մեր ազգային հարստությունն է, այն տասնամյակներ շարունակ որդիաբար կատարել է իր պարտքը, ժամանակն է այդ պարտքը փոխհատուցելու' լուծելով Սեւանի հիմնախնդիրները»,- նշեց Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահը:

Ըստ Վլ. Մովսիսյանի' նախատեսված է տարեցտարի բարձրացնել Սեւանի մակարդակը: Լճի մակարդակի բարձրացման 2011 թվականի ցուցանիշն այսօր արդեն համապատասխանում է 2013 թվականի համար նախատեսված նիշին:

Բաց դասի ավարտին Վլադիմիր Մովսիսյանը պատասխանեց ուսանողներին եւ դասախոսներին հետաքրքրող հարցերին: Կարեւորվեց Սեւանա լճի բնապահպանական, սոցիալ-տնտեսական, ռեկրեացիոն նշանակությունը, ջրային պաշարների խելամիտ եւ խնայողաբար օգտագործման, լճի բնապահպանական հավասարակշռության ապահովման, ափամերձ տարածքների մաքրության պահպանման անհրաժեշտությունը: Հանդիպումն ամփոփեց ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը' Վլադիմիր Մովսիսյանին հղելով երախտիքի խոսքեր' ուսանելի եւ բովանդակալից հանդիպման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում