Նյու Յորքում մեծարել են Շառլ Ազնավուրին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 20-ին Նյու Յորքում մասնակցել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոյին, որը կազմակերպվել էր Հայ օգնության ֆոնդի կողմից' Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան ափի թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի նախաձեռնությամբ: Մեծարման միջոցառման կազմակերպչական կոմիտեում ընդգրկված են եղել Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, երգիչներ Լայզա Մինելին, Պլաչիդո Դոմինգոն, Սելին Դիոնը, Էլթոն Ջոնը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, երեկոյին ներկա են եղել շուրջ 600 մասնակիցներ' ԱՄՆ կոնգրեսականներ, ամերիկյան մշակութային գործիչներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով միջոցառմանը' Էդվարդ Նալբանդյանը հայ մեծանուն երգչին փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:

Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը, բարձր գնահատական տալով Շառլ Ազնավուր մարդուն, արվեստագետին եւ մեծ հայրենասերին, ասել է, թե երջանիկ է, որ տասը տարի շարունակ, լինելով Փարիզում Հայաստանի դեսպանը, Ազնավուրի հետ միասին Հայաստանին նվիրված բազմաթիվ ծրագրեր են իրականացրել եւ նախատեսվում են նորերը: Նախարար Նալբանդյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 28-ին Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հովանու ներքո' Հայաստանի դեսպան, Ազգային հերոս Շառլ Ազնավուրը Հայաստանի 20-ամյակին նվիրված համերգ է տալու Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում:

«Գուցե ոչ բոլոր հայերը գիտեն, թե ով է Հայաստանի արտգործնախարարը, բայց վստահ եմ, որ երկրագնդի վրա չկա որեւէ հայ, ով չիմանա՝ ով է Շառլ Ազնավուրը: Եւ ոչ միայն հայերը. Հիշում եք' երբ միասին մտանք հեռավոր Սամարղանդի շուկա, հարյուրամյա մի ծերունի, որը մուտքի մոտ գետնին նստած բրնձապուր էր վաճառում, բացականչեց. Ես քեզ ճանաչում եմ, դու Ազնավուրն ես, Շառլ Ազնավուրը, «La Boheme» երգի հեղինակը»,- վերհիշել է Էդվարդ Նալբանդյանը:

Խոսելով Ազնավուրի մեծության մասին' նախարար Նալբանդյանն ասել է. «Վստահ եմ, որ աշխարհի ամենատարբեր կողմերում տարբեր տարիքի, ծագման, մտածողության ու աշխարհայացքի տեր տարբեր մարդիկ են իրենց նույնացրել Ձեր հարյուրավոր երգերի կամ ֆիլմերի հերոսներին: Եւ նրանց բոլորին, մեզ բոլորիս միավորում եք Դուք, հիացմունքն ու ակնածանքը Ձեր արվեստի հանդեպ,Ձեր կյանքի հանդեպ, որն ինքնին մի հրաշալի ֆիլմ է' պայծառ եւ ուսանելի' աշխատասիրության, սիրո, հումանիզմի, հայրենասիրության դասերով: Բոլորի ցանկությունն է, որ այդ ֆիլմն անվերջ շարունակվի»:

Հայերեն Русский

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը