Կապանում նոր մանկապարտեզ կառուցելու խնդիր կա
1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապան քաղաքում գործող 12 մանկապարտեզներ հաճախում է 1350 երեխա: Վերջին տարիներին այդ թիվը զգալիորեն աճել է:
«2002թ.-ից, երբ սկսեցի աշխատել այս պաշտոնում, մանկապարտեզ հաճախում էր 600 երեխա: Իսկ հիմա երեխաների թիվն այնքան է ավելացել որ նոր մանկապարտեզ կառուցելու խնդիր է առաջացել», - «Արմենպրես»-ի Սյունիքի մարզի թղթակցին ասաց քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Անուշ Սիմոնյանը:
Որոշ մանկապարտեզներում երեխաների թիվը նախատեսվածից այնքան շատ է, որ մահճակալները չեն հերիքում քնելու համար, որոնց համար նույնիսկ ննջարաններում տեղ չկա: Այդ պատճառով, կան երեխաներ, որոնք հաճախում են մանկապարտեզ, սակայն ծնողի գրավոր համաձայնությամբ չեն քնում:
Ավելացնենք, որ ծնողական վարձը մեկ երեխայի համար այս տարվանից սահմանվել է չորս հազար դրամ: Սակայն, ավագանու որոշմամբ, զգալի թվով երխաներ' հիմնականում սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների, օգտվում են զեղչերից: