9 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 18-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:
Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի եւ առեւտրի նախարար Վալենտին Չեկանովի հետ:
Հայաստանի եւ Բելառուսի առեւտրատնտեսական համագործակցությունը դինամիկորեն զարգանում Է: Պաշտոնական տվյալներով՝ 2010 թվականին Բելառուսից Հայաստան ներմուծման աճի տեմպը կազմել Է 127,7 տոկոս, Հայաստանից արտահանմանը՝ 97,8 տոկոս: Զարգացման հայկական գործակալության՝ «Արմենպրես»-ին տրամադրած տեղեկությամբ, 2010թ.-ին Հայաստանի եւ Բելառուսի առեւտրաշրջանառությունը կազմել է 36 միլիոն 524 հազար դոլար: Հայաստանից արտահանումը 4 միլիոն 556,1 հազար դոլար է եղել, ներմուծումը' 31 միլիոն 968,7 հազար: Հայաստանում բելառուսական կապիտալով գործունեություն Է ծավալում 17 ընկերություն:
Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին «ԲԵԼՏԱ»-ից՝ վկայակոչելով Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը, 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ Բելառուսի եւ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել Է 6,2 մլն դոլար, որն անցյալ տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ նվազել Է 2,8 տոկոսով: Երկկողմ առեւտրի հիմնական բաժինը կազմում Է Բելառուսից արտահանումը, որը 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով հասել Է 4,9 մլն դոլարի (նվազումը՝ 15 տոկոս): Հայաստանից ապրանքների ներմուծումը Բելառուս կազմել Է 1,4 մլն դոլար (աճը՝ կրկնակի):
Բելառուսը մնում Է Հայաստանի կարեւոր առեւտրական գործընկերը՝ ներմուծման ծավալով երրորդ տեղն զբաղեցնելով ԱՊՀ երկրների թվում (Ռուսաստանից եւ Ուկրաինայից հետո), եւ առաջ Է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Բուլղարիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Իսպանիան:
Հայաստանի հետ առեւտրում Բելառուսը հիմնականում արտահանում է անվադողեր, բեռնատար ավտոմեքենաներ, տրակտորներ, կարագ, դեղամիջոցներ, ավտոմեքենաների եւ տրակտորների պահեստամասեր, փայտաթելքային սալիկներ, սոսնձած նրբատախտակ, կահույքը:
Հայաստանի Հանրապետությունից Բելառուս են արտահանվում հիմնականում սպիրտային խմիչք, դեղամիջոցներ, պահածոյացված մրգեր, կիսակարբոնային թթուներ, սիլիկահող:
2010 թվականի արդյունքներով՝ Հայաստանից Բելառուսի Էկոնոմիկայում կատարվել են 298,5 հազար դոլարի ուղղակի ներդրումներ, ինչը 2009 թվականի մակարդակը գերազանցում Է 2,2 անգամ:
Փորձագետները նշում են, որ կողմերը լավ հեռանկարներ ունեն փոխադարձ առեւտրի ծավալներն ավելացնելու համար: Դա նախեւառաջ վերաբերում Է Բելառուսից մեքենաշինական արտադրանքի մատակարարումներին, ներառյալ հանքագործական արդյունաբերության սպառողների համար քարհանքային բեռնատարները, ագրոարդյունաբերական համալիրի համար տրակտորները եւ գյուղատնտեսական կցովի տեխնիկան, մարդատար ավտոբուսները, հատուկ տեխնիկան, վերելակները կոմունալ տնտեսության համար, հայկական շուկայում պահանջարկ վայելող պարենային արտադրանքը:
Զգալի ներուժ կա Բելառուսին հայկական արտադրության ավանդական ապրանքների մատակարարումներ իրականացնելու առումով: Խոսքը վերաբերում Է կոնյակին եւ կոնյակի սպիրտին, գինուն եւ գինենյութերին, հյութերին եւ մրգախյուսին, հայկական այլ որակյալ արտադրանքին:
Հայաստանում 2010 թվականին բացվել Է Բելառուսի առեւտրական տունը: Դրա հարթակներում ներկայացված Է բելառուսական 150-ից ավելի ձեռնարկությունների արտադրանքը, տեսականին ներառում Է շուրջ 10 հազար անուն արտադրանք:
Հայկական «Մուլտի գրուպ» կոնցեռնը Բելառուսում կոնյակի արտադրություն հիմնելու աշխատանք Է կատարում եւ քննարկում Է Մինսկում հայկական առեւտրի տուն բացելու հնարավորությունը:
Երկկողմ առեւտրական հարաբերությունների հետագա զարգացման շրջանակներում անհրաժեշտություն կա պարզ առեւտրից անցնելու կոոպերացիոն համագործակցության: Այս ձեւն արդեն զարգացում Է ստացել դեղագործական արդյունաբերության մեջ. բելառուսական «Մինսկինտերկապս» ձեռնարկության բազայի վրա ստեղծվել Է հայկական հումքից կենսաբանորեն ակտիվ հավելուկների համատեղ արտադրություն: Աշխատանք Է կատարվում տրակտորների, գյուղտնտտեխնիկայի, տրանսֆորմատորների հավաքման արտադրություններ կազմակերպելու ուղղությամբ:
Ոչ պակաս հեռանկարային Է երկկողմ համագործակցության ինովացիոն բաղադրիչը: Այսպես, 2010 թվականին բնորոշ Էր գիտական եւ գիտատեխնիկական ոլորտում երկկողմ կապերի զարգացումն ու ամրապնդումը, որոնք նպատակամղված են երկու երկրների գիտական ներուժի փոխշահավետ օգտագործմանը: Զարգանում Է Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի հողագործության գիտագործնական կենտրոնի համագործակցությունը Հայաստանի գյուղատնտեսական ձեռնարկությունների հետ: Իրացման ակտիվ փուլում են դեղորայքի քիմիայի հայ-բելառուսական կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի առաջարկները: Ծրագրվում Է հայ եւ բելառուս գիտնականների համար սահմանել համատեղ մրցանակներ (դրամաշնորհներ) համատեղ գիտական հետազոտություններ իրականացնելու համար, ներառյալ առանձին անվանակարգ՝ երիտասարդ գիտնականների համար: Ակտիվ բանակցություններ են ընթանում համացանցում հայ-բելառուսական համագործակցության գիտական պորտալ ստեղծելու համատեղ նախագծի շուրջ՝ նպատակ ունենալով գիտական ու գիտատեխնիկական, ինչպես նաեւ գիտական-նորաստեղծական կոոպերացիայի ակտիվացումը:
Բացի այդ, վերջին տարիներին Բելառուսի եւ Հայաստանի համագործակցության աշխուժացում Է նկատվում հումանիտար ոլորտում: Այսպես, կրթության ոլորտում շարունակվում Է միջբուհական համագործակցության հաստատման ակտիվ աշխատանքը: 2010-2011 ուսումնական տարում Բելառուսի բարձրագույն կրթության հաստատություններում սովորում Է Հայաստանի Հանրապետության 29 քաղաքացի, այդ թվում՝ չորսը Բելառուսի Հանրապետության միջոցների հաշվին:
Զարգանում Է Բելառուսի եւ Հայաստանի առողջապահության նախարարությունների համագործակցությունը:
Առեւտրատնտեսական համագործակցության հարցերի հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստի շրջանակներում Բելառուսի սպորտի եւ զբոսաշրջության նախարարության եւ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության կողմից համաձայնեցվել եւ ստորագրվել Է զբոսաշրջության բնագավառում համագործակցության երկկողմ ծրագիր: Բելառուսի սպորտի եւ զբսոսաշրջության նախարարության եւ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից համաձայնեցվել ու ստորագրման Է պատրաստվում 2011-2012 թվականներին ֆիզկուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության միջգերատեսչական ծրագիրը:
Մշակութային կապերի զարգացման համար կարեւոր ազդակ կդառնա 2011 թվականին Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի եւ բելառուսական կինոյի օրերի անցկացումը: Միջոցառումների ընթացքում ծրագրվում Է ստորագրել 2011-2013 թվականներին մշակույթի ոլորտում համագործակցության երկկողմ ծրագիր:
Բելառուսում մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 30-րդ նիստին' կառավարությունների ղեկավարների մակարդակով եւ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: ՀՀ վարչապետը նաեւ կայցելի «Բարձր տեխնոլոգիաների պարկի աշխատակազմ» պետական ձեռնարկություն, ինչպես նաեւ ծաղկեպսակ կդնի Հաղթանակի հուշարձանին:
ՀՀ կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք: