Հարցազրույց

Պ. Ավետիսյան. «Հայաստանյան պեղումների արդյունքները բացառիկ նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ Առաջավոր Ասիայի պատմությունն արժեւորելու համար»

6 րոպեի ընթերցում

Պ. Ավետիսյան. «Հայաստանյան պեղումների արդյունքները բացառիկ նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ Առաջավոր Ասիայի պատմությունն արժեւորելու համար»

ԵՐԵՎԱՆ, 17ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսից կմեկնարկի պեղումների շրջանը: Վերջինիս հետ կապված ծրագրերի, նախորդ տարվա պեղումների արդյունքների եւ դրանց նշանակության վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ:

-Պարոն Ավետիսյան, Հայաստանում պեղումների անցկացման ի՞նչ ծրագրեր կան այս տարի, եւ ո՞ր տարածքներում են իրականացվելու դրանք:

-Հայաստանում պեղումները կատարվում են որոշակի կարգով. պեղումներ իրականացնելու ցանկություն հայտնող կազմակերպությունները պետք է հայտերով դիմեն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը, որը տվյալ հայտերը եւ նախորդ տարվա կատարված աշխատանքների հաշվետվությունը քննարկում է, եւ դրական կարծիքի հիման վրա էլ պեղումներն իրականացվում են: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն այս տարի ՀՀ մշակույթի նախարարություն կներկայացնի 27 հայտ` Հայաստանի տարբեր հնավայրերում դաշտային հետազոտական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Դրանք ներառում են բուն պեղումներ կամ հետախուզական աշխատանքներ: Պեղումների իրականացումը երկարատեւ գործընթաց է, եւ, ըստ էության, մենք ամեն տարի շարունակում ենք նախորդ տարի սկսած պեղումները: Օրինակ` մենք այս տարի Արտաշատում կշարունակենք պեղումները, որոնք սկսվել են 1970 թ-ից: Սակայն, բացի բազային պեղումներից, կան նաեւ փրկարարական պեղումներ, այսինքն` տարիների ընթացքում ինչ-ինչ պատճառներով կան վտանգված հուշարձաններ, որոնց ուսումնասիրությամբ ենք զբաղվում, կան նաեւ վերականգնվող հուշարձաններ: Այսինքն` այս երեք հանգամանքների հետ կապված` գիտական ծրագրեր, փրկարարական պեղումներ եւ վերականգնման աշխատանքների դաշտային հետազոտություններ, 27 հայտ ենք ներկայացրել:

Այս տարի մենք շարունակելու ենք Դեբեդի ավազանի քարե դարի հուշարձանի ուսումնասիրությունը, Հրազդանի կիրճի քարեդարյա հնավայրերի, Արենիի քարայրի, Սիսիանի հարեւանությամբ գտնվող Գոդեձոր հնավայրի պեղումները: Բացի այդ, պեղում ենք նաեւ այնպիսի հուշարձաններ, որոնք մեզ տվյալներ են տալիս արդեն բարդ, զարգացած սոցիալական կազմ ունեցող հասարակությունների մասին, որոնք երեւում են բրոնզեդարյան հնավայրերում: Օրինակ` պեղելու ենք Արագածի հյուսիս-արեւելյան փեշերում գտնվող Գեղարոտ հնավայրը, Ծաղկալանջի դամբարանադաշտը, Վանի թագավորության շրջանի հուշարձաններ` Արամուս եւ Գետափ ամրոցները: Այս տարի կպեղվեն նաեւ Թեղուտի հանքավայրի հնավայրերը, Քարաշամբի դամբարանադաշտը, Արմավիր մայրաքաղաքը:

Պեղումների արդյունքում հսկայական քանակությամբ նյութ է հավաքվում, որն էլ երկարատեւ մշակման շրջան է անցնում:

-Իսկ որ՞ն է եղել նախորդ տարվա պեղումների ամենակարեւոր արդյունքը:

-Նախորդ տարի տպավորիչ արդյունքներ ենք արձանագրել Արենջում (խոսքը ամենահին կոշիկի եւ գինու արտադրամասի մասին է): Այդ արդյունքներն էական նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, Հայկական լեռնաշխարհի, այլեւ ամբողջ Առաջավոր Ասիայի պատմությունն արժեւորելու, քաղաքակրթության ձեւավորման մեխանիզմները հասկանալու համար: Արենիում հայտնաբերված նյութերը բացառիկ նշանակություն ունեն: Ամեն տարի բացառիկ արդյունքներ ենք գրանցում նաեւ Արտաշատի պեղումների ժամանակ:

-Ինչպիսի՞ն է հնագիտության ոլորտում միջազգային համագործակցությունը:

-Հնագիտության եւ ազգային ինստիտուտն ամեն տարի 8-10 ծրագրեր` վերոնշյալ պեղումների մի զգալի մասը, իրականացնում է տարբեր երկրների գիտական կենտրոնների հետ համատեղ: Այս տարի նույնպես ավելի քան 10 ծրագրեր կիրականացվեն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Իտալիայի, Գերմանիայի մասնագետների մասնակցությամբ: Համատեղ ծրագրերի արդյունքում մեր առջեւ իրենց դռներն են բացում աշխարհի լավագույն լաբորատորիաները: Մենք այսօր հսկայական քանակությամբ վերլուծություններ ենք անում, ըստ էության, ոչ մի գումար չծախսելով:

-Ի՞նչ նշանակություն են ունենում պեղումները Հայաստանի համար:

-Հնագիտության խնդիրն է վերակազմել անցյալի իրողությունները եւ փաստագրել դրանք: Ցանկացած տարվա պեղումներ լրացնում են հայոց պատմությունը: Չկա մարդու կենսագործունեությանը վերաբերող մի գիտություն, որի համար հնագիտությունն ամեն տարի տվյալներ չտա: Այդ առումով վերջինիս դերն անգնահատելի է:

Եթե մենք խոսում ենք քաղաքակրթություների զարգացման մասին, ապա այսօրվա մարդը չի կարող լիարժեք մարդ լինել, եթե չի տիրապետում իր անցյալին, մշակույթին: Հնագիտությունը զուտ ճանաչողության խնդիր չի լուծում, այն նաեւ ինքնության պահպանման համար մեծ նշանակություն ունի:

Մենք պարտադրված ենք այս ոլորտում հսկայական աշխատանք իրականացնել, քանի որ այնպիսի հարեւանների հետ ենք ապրում, որոնք սեփականացնում, ուծացնում են այն, ինչ իրենցը չէ: Նրանք ուրիշի ստեղծածը վերցնելու հակումներ ունեն: Եվ մենք այս դաշտում կռվելու դեռ հսկայական ճանապարհ ունենք անցնելու:

Հարցազրույցը` Հասմիկ Փայտյանի

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում