Մարզային

Եղվարդում կլուծվի ջրամատակարարման խնդիրը

2 րոպեի ընթերցում

Եղվարդում կլուծվի ջրամատակարարման խնդիրը

ԿԱՊԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կապանի տարածաշրջանի Եղվարդ համայնքի տարածքում գտնվել է ջրաղբյուր, ինչը կարող է վերջնականորեն լուծել ջրի խնդիրը գյուղում: Ներկայում Եղվարդի ջրամատակարարումն ապահովվում է 5կմ-ոց ջրագիծը, որի ջրի ծավալները չեն բավականացնում անգամ բնակչության կենցաղային խնդիրների լուծման համար:

«Անասուններին ջրելու համար գյուղացիները ստիպված են լինում ամեն օր մի քանի կմ դրանց քշել գյուղի ներքեւում գտնվող աղբյուրը», - «Արմենպրես»-ի Սյունիքի մարզի թղթակցին ասաց գյուղապետ Սպարտակ Զաքարյանը:

Մինչեւ 90-ակնների սկիզբը Եղվարդն ունեցել է նաեւ ոռոգման ջուր, սակայն գյուղին ջուր մատակարարող պոմպը շարքից դուրս է եկել, եւ գյուղը զրկվել է նաեւ ոռոգման ջրից: Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է եղել նոր ջրաղբյուր գտնել, ինչն արվել է Լեռնային Ղարաբաղից հրավիրված մասնագետների օգնությամբ' հատուկ սարքերի միջոցով:

Ջրաղբյուրի ջրի քանակի վերջնական հետազոտությունները կկատարվեն օգոստոս ամսին, որից հետո կսկսվեն ջրագծի շինարարական աշխատանքները: Նոր ջրագծի կառուցման համար անհրաժեշտ կլինի մոտ 30 մլն դրամ: Գյուղապետը համոզված է, որ շինաշխատանքների համար կգտնվեն հովանավորներ եւ կարճ ժամանակում կկառուցվի ջրագիծը, որն էլ վերջնականապես կլուծի գյուղի ջրամատակարարման խնդիրը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում