Նկարիչների սիմպոզիում` Սյունիքում
1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լոռվաձոր» հասարակական հայրենակցական միության եւ «Փյունիկ» հիմնադրամի նախաձեռնությամբ Սյունիքում անցկացվում է նկարիչների սիմպոզիում, որին մասնակցում են հանրապետության 20 գեղանկարիչներ: Յոթ օրվա ընթացքում նրանք, բաժանվելով խմբերի, մարզի տարբեր վայրերում' Կապանում, Քաջարանում, Մեղրիում, Գորիսում ու Սիսիանում, կնկարեն գարնանային էտյուդներ: Հետագայում այդ աշխատանքները տեղ կգտնեն մի շարք ցուցահանդեսներում:
Կապանում նախատեսված երեք աշխատանքներից առաջինում գեղանկարիչները պատկերել են Խուստուփ սարը: Կապանցի գեղանկարիչ Լորիկ Մինասյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սիմպոզիումը լավ հնարավորություն է շփվելու այլ գեղանկարիչների հետ: Իսկ հատկապես մարզի գեղանկարիչների համար հարմար առիթ է ներկայացնելու իրենց աշխատանքները, նաեւ դրանք վաճառելու եւ գումար վաստակելու համար: