Մարզային

Կրթության եւ առողջապահության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ` Գեղարքունիքի հինգ համայնքներում

3 րոպեի ընթերցում

Կրթության եւ առողջապահության որակի բարձրացմանն ուղղված  միջոցառումներ` Գեղարքունիքի հինգ համայնքներում

ԳԱՎԱՌ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի` փախստականներով բնակեցված մի շարք գյուղերում իրականացնում է «Կենսապայմանների բարելավման եւ սոցիալական աջակցության ծրագիր»: Ծրագրի գործընկերն է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գեւորգյանը, ծրագրի շրջանակներում Գեղամասար, Ավազան, Փոքր Մասրիկ, Արփունք եւ Կախական համայնքներում իրականացվում են կրթության եւ առողջապահության որակի բարձրացմանը միտված մի շարք միջոցառումներ: Գեղամասար, Փոքր Մասրիկ եւ Արփունք համայնքներում նախադպրոցական կրթություն կազմակերպելու նպատակով յուրաքանչյուր դպրոցում վերանորոգվում է մեկական դասասենյակ, որոնք նաեւ կազմակերպության կողմից կկահավորվեն համապատասխան գույքով:

Հունիսի 1-ից դասարաններում կսկսվեն եռամսյա դասընթացներ այն երեխաների համար, որոնք սեպտեմբերին հաճախելու են առաջին դասարան: Այդ ժամանակահատվածում մանկավարժները կվճարվեն «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից: Ավազան համայնքում իրականացվելու է բուժկետի հիմնանորոգում եւ կահավորում: Բուժկետն այժմ գտնվում է քարուքանդ վիճակում եւ չի գործում:

Նշված 5 համայնքների բուժսպասարկող անձնակազմի համար կազմակերպվել է վերապատրաստում `կանանց ու երեխաների իրավունքների, գենդերային բռնությունների վերաբերյալ: Բուժքույրերն իրենց ստացած գիտելիքները պետք է օգտագործեն համայնքներում բնակիչների հետ համապատասխան թեմաներով զրույցներ վարելու համար: Նույն համայնքներում կազմակերպվել են նաեւ «Երեխան` երեխայի համար» դասընթացներ: Դասըթացի նպատակն է երեխաներին սովորեցնել կատարել թիմային աշխատանք, որպեսզի նրանք գիտակցեն դրա կարեւորությունը, իրենց հուզող խնդիրների մասին բարձրաձայնեն, առաջարկեն դրանց լուծման եղանակները:

Ավազան եւ Արփունք համայնքներում երեխաներն առաջնային խնդիր են համարել դպրոցների ցանկապատերի ներկումը: Ներկերը տրամադրել է Մարտունու կանանց համայնքային խորհուրդը, աշխատանքները կիրականացվեն երեխաների ուժերով: Ի դեպ, երեխաները որոշել են ցանկապատերը ներկել Հայաստանի դրոշի գույներով: Փոքր Մասրիկի դպրոցահասակ երեխաները առաջնային խնդիր են համարել տնային բույսերի աճեցումը: Նրանց տրամադրել են ծաղկամաններ, որոնց մեջ երեխաները կաճեցնեն բույսեր եւ կնվիրեն դպրոցին` դրանք միջանցքներում եւ դասասենյակներում տեղադրելու համար:

Իսկ Գեղամասար համայնքում երեխաները կարեւորել են դպրոցական գրադարանը գեղարվեստական գրքերով համալրելու խնդիրը: Նրանք սեփական նախաձեռնությամբ ընտանիքներից հավաքել են մոտ 120 կտոր գիրք եւ նվիրել դպրոցական գրադարանին: Գրադարանին գրքեր կտրամադրեն նաեւ մի շարք միջազգային կազմակերպություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում