ԳԱՎԱՌ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի հանձնարարությամբ` հայտարարվել է մրցույթ` Գեղարքունիքի մարզի հուշամեդալի եւ զինանշանի էսքիզի ստեղծման համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Հասմիկ Շահբազյանը, մրցույթում հաղթած զինանշանի էսքիզը կարող է հիմք լինել ՀՀ կենտրոնական բանկի կողմից առաջարկված եւ Գեղարքունիքի մարզը խորհրդանշող մետաղադրամի պատրաստման եւ թողարկման համար:
Մեկամսյա ժամկետում մարզի եւ, ինչու չէ, հանրապետության ամենատարբեր տարիքի նկարիչները մարզպետ Նվեր Պողոսյանի կարգադրությամբ ձեւավորված հանձնաժողովի դատին կներկայացնեն Գեղարքունքիքի մարզը խորհրդանշող հուշամեդալի եւ զինանշանի էսքիզները: Հանձնաժողովն արդեն ստացել է առաջին աշխատանքները: