Հասարակական

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է «youtube»-ում տեղադրված ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին վերագրվող տեսանյութը

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում  ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է «youtube»-ում տեղադրված ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին վերագրվող տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 30ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը պարզաբանում է ներկայացրել օրերս անանուն աղբյուրի կողմից youtube.com կայքում տեղադրված ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին վերագրվող տեսանյութի վերաբերյալ: Հիշեցնենք, որ տեսանյութի վերաբերյալ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության նախագահը երբեւէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին:

Վերջինիս նախաձեռնությամբ 2009թ-ին կայացել է երկու հեռախոսազրույց, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից «Արմենպրես»-ին տրամադրած պարզաբանման մեջ նշվում է. «Փոխնախագահը եւ նախագահ Սարգսյանը 2009թ. ապրիլին երկու անգամ խոսել են:

Այս խոսակցությունների ընթացքում փոխնախագահը ասել է նախագահ Սարգսյանին, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը ճանապարհ կհարթեն Հայաստանի ավելի լավ ապագայի համար եւ հայտնել է Միացյալ Նահանգների աջակցությունը նրա առաջնորդության համար: Փոխնախագահը հայտնել է Օբամայի վարչակազմի աջակցությունը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ հայ-թուրաքական համատեղ հայտարարության մասին Շվեյցարիայի առաջարկին:

Նախագահ Սարգսյանը չի խոսել Նախագահ Օբամայի ապրիլ 24-յան ուղերձի բովանդակության մասին եւ չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձեւի դիտարկումը: Ընհակառակը, փոխնախագահ Բայդենի եւ նախագահ Սարգսյանի միջեւ խոսակցությունները, որոնց վերջերս անդրադարձել է փոխնախագահ Բայդենը, հայ թուրքական հարաբերությունները կարգավորելու համար անհետաձգելի քայլեր կատարելու անհրաժեշտության մասին էին: Նրանք համաձայնել են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում