Մարզային

Արտաշատում Գ. Չաուշի հրապարակ կստեղծվի

3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատում սկսվել են Գեւորգ Չաուշի հրապարակի ստեղծման աշխատանքները: Կիրովի եւ Մարքսի փողոցների հատման աջ կողմում գտնվող երկաթգծի կայարանամերձ հրապարակ է արդեն տեղափոխվել, եւ ընտրված վայրում կանգնեցվել 5մ 20սմ բարձրություն ունեցող բազալտե եռաքար արձանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արտաշատի քաղաքապետի տեղակալ Լյովա Ավետյանը, արձանը քանդակվել է ավելի քան 20 տարի առաջ, եւ անմիջապես էլ տեղադրվել Արտաշատի կենտրոնական հատվածում: «Այն ժամանակ այդ ամենն արվեց հապճեպ, արդյունքում՝ տեղի ընտրության հարցը ճիշտ չլուծվեց:

Ընտրված տեղը հարմար չէր, եւ անցորդների համար էլ՝ ոչ տեսանելի»,-նկատեց Լ. Ավետյանը՝ հավելելով, որ այն ժամանակ տեղադրվել է դժվարին ու գաղտնիության պայմաններում՝ մեկ գիշերվա ընթացքում: Արձանն Արտաշատում ունենալու գաղափարը եղել է «Ղարաբաղ կոմիտեի» Արտաշատի տարածքային բաժնինը եւ այդ ժամանակ քաղխորհրդի նախագահ Սեյրան Ղազարյանինը, ով, քաղաքապետի տեղակալի գնահատմամբ դրսեւորեց բարի կամք եւ ճիշտ մոտեցում:

Լ. Ավետյանը հավելեց նաեւ, որ այսօր արձանի դիրքը եւ տեղը ճիշտ է ընտրված այն առումով, որ տարածքը մարդաշատ է, իսկ Գ. Չաուշի հայացքն էլ` հառած Արեւմտյան Հայաստանին: Արձանի` երեւանցի քանդակագործի անունն առայժմ հայտնի չէ: Նա մահացել է աշխատանքը կատարելուց երկու տարի անց, եւ այսօր քաղաքային իշխանության ներկայացուցիչները կորցրել են նրա հետքը: Անդրադառնալով հրապարակում տարվող աշխատանքներին` Լ. Ավետյանը նշեց, որ արդեն կատարված են նախագծանախահաշվային աշխատանքները, եւ համայնքային բյուջեից ողջ աշխատանքների համար տրամադրվել է 4,5 մլն դրամ:

Հրապարակում արդեն իսկ տնկվել են դեկորատիվ ծառեր՝ ծառուղի ստեղծելու նպատակով, կտեղադրվեն նստարաններ, կբարեկարգվի ծառուղու տարածքը, նաեւ կլուծվի լուսավորության հարցը: Իսկ նշված տարածքով անցնող գազատարը կապամոնտաժվի եւ կանցկացվի ստորգետնյա տարբերակով: Հրապարակը պատշաճ տեսքի բերելու համար կպահանջվի եւս մեկ ամիս ժամանակ: Հավելենք, որ Գեւորգ Չաուշի արձանը տեղափոխելու եւ հիշյալ վայրում համանուն հրապարակ ստեղծելու որոշումն Արտաշատի քաղաքային ավագանին կայացրել էր դեռեւս 2005թ-ին: Կապված որոշակի խնդիրների հետ՝ գործընթացը շարունակ ձգձգվում էր: Նշենք, որ Մարքսի փողոցը, որի գլխամասում էլ կգտնվի հրապարակը, նախատեսվում է անվանափոխել Գ. Չաուշի անվամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում