Աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը` Արցախում
1 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահրամ Պողոսյան): Աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը մայիսի 17-ին ժամանել է Արցախ: Օդանավակայանում նրան դիմավորել են ԼՂՀ ղեկավարությունը` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Ստեփանակերտում Շ. Ազնավուրին ուղեկցող պատվիրակությունն ուղեւորվել է դեպի մեծ շանսոնիեի անունը կրող նորակառույց մշակույթի կենտրոն, որի բացման կարմիր ժապավենը կտրել է աշխարհահռչակ երգիչը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Շառլ Ազնավուրը պարգեւատրվել է «Գրիգոր Լուսավորիչե մեդալով, ինչի առթիվ իր շնորհակալական խոսքում մեծ շանսոնիեն նշել է, որ կատարվել է իր տարիների երազանքը` այցելությունը Արցախ: Նույն օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համերգային ծրագրով հանդես են եկել Աիդա եւ Սեդա Ազնավուրյանները: Քրոջ եւ դստեր համերգին մասնակցել է նաեւ Շառլ Ազնավուրը: