Շառլ Ազնավուրը Միխեիլ Սահակաշվիլու հրավերով կայցելի Վրաստան
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրը նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հրավերով մայիսի վերջին կայցելի Վրաստան: Այդ մասին չորեքշաբթի օրը հաղորդել են վրացական հեռուստաընկերությունները: Այդ լուրն ուրախությամբ են ընդունել Ախալցխա շրջկենտրոնում, որտեղ ծնվել է 81-ամյա Շառլ Ազնավուրի հայրը: Այնտեղից Ազնավուրյանների ընտանիքը 20-րդ դարի առաջին կեսին մեկնել է Եվրոպա: Այստեղ են թաղված երգչի պապն ու տատը: Այսօր Ախալցխայում ապրում են Շառլի հեռավոր ազգականները: Նրանցից մեկը՝ Լաուրա Բաղդասարյանը, լրագրողներին հայտնել է, որ «այստեղ խնամքով պահում են երգչի պապի, տատի եւ հոր լուսանկարներըե: Այն տունը, որտեղ ապրել են երգչի պապն ու տատը, արդեն չկա, դրա տեղում կառուցվել է մեկ այլ տուն, եւ այնտեղ ապրում են ուրիշ մարդիկ, որն այն գնել են տակավին 50 տարի առաջ: Նրանք նույնպես պատրաստ են ջերմորեն ընդունել երգչին: Ախալցխայում նախապատրաստվում են աշխարհահռչակ երգչի ժամանմանը: Նրան այստեղ սպասում է տեղի ինքնագործ խմբերի համերգը եւ բնակիչների սրտաբաց ընդունելությունը: Ըստ նախնական տվյալների, Շառլ Ազնավուրը Վրաստան կայցելի մայիսի 29-ին: