Հասարակական

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին Լեւոն Մկրտչյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): Սահմանադրական բարեփոխումների թեմայով այսօր «Հայելիե ակումբում բանավեճի էին հրավիրվել ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն ու Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Լ. Մկրտչյանի խոսքերով` նախագիծն իր որակով եւ բովանդակությամբ այնպիսին է, որ երկրի զարգացման ճանապարհին մի նոր շեմ կլինի: Կենտրոնացված, միաբեւեռ, տոտալիտար կառավարման համակարգին բնորոշ գծերից անցում է կատարվում հակակշիռների վրա հիմնված, բազմաբեւեռ կառավարման համակարգի, որը ժողովրդավարության կայացման լավագույն երաշխիքն է: Դրանով է պայմանավորված միջազգային կառույցների դրական գնահատականը: «Չենք ասում, թե տարբերակը զերծ է թերություններից, բայց հիմնական քայլերն արդեն արված են` դրանում ամրագրելով ժողովրդավարական կարեւորագույն նորմերե,-նշեց Լ. Մկրտչյանը: ՀՅԴ ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ առաջարկվող նախագծին «ոչե քվեարկելը նշանակում է «այոե ասել գործող Սահմանադրությանը, քանի որ այլ ճանապարհ չկա, քան բարեփոխել այն: Ըստ Լ. Մկրտչյանի` սահմանադրական բարեփոխումների հարցն առավել լուրջ է, քան իշխանափոխության հերթական կոչերը. որոշվում է երկրի ապագայի հարցը: Ընդդիմադիրների այն տեսակետը, թե այս նախագիծը բարելավելուց հետո կարող է լավ տարբերակ դառնալ, Լ. Մկրտչյանն անհիմն է համարում: Սահմանադրական այս փոփոխություններին դեմ արտահայտվելու Հ. Հովհաննիսյանի հիմնական փաստարկն այն էր, որ «գործող իշխանությունները բարոյական եւ իրավական իրավունք չունեն սահմանադրական փոփոխություններ կատարելուե: Նա տեսակետ հայտնեց, որ Հայաստանում ընտրական մեխանիզմներ չկան եւ գոյություն չունեցող ընտրական համակարգով հանրաքվե իրականացնել չի կարելի: Հ. Հովհաննիսյանի կարծիքով` գործող Սահմանադրությունն օգնեց հաղթահարել հոկտեմբերի 27-ից հետո առաջացած ճգնաժամը, սակայն դա չի նշանակում, որ կողմ է դրան: Գործող Սահմանադրության մեջ փոփոխություններ իրապես պետք են, որը պետք է ձեւավորվի ազգային կոնսենսուսի արդյունքում: Լ. Մկրտչայնն առարկեց` ասելով, որ կոնսենսուսը տարբերությունների արդյունքում է ձեւավորվում, իսկ այդ տարբեր տեսակետերն արտահայտվել են դեռեւս քննարկումների ժամանակ, երբ նաեւ ընդդիմադիր խորհրդարանական ուժերն էին փոփոխությունների սեփական տարբերակները ներկայացրել: Ըստ նրա` առաջարկվող նախագիծը համաձայնության փաստաթուղթ է: Հ. Հովհաննիսյանը դեմ արտահայտվեց պատգամավորի եւ երկրի նախագահի անձեռնմխելիության դրույթին: Դրան Լ. Մկրտչյանը հակադրվեց` ասելով, որ անմեղության կանխավարկածով առաջնորդվելը բարձրագույն արժեք է: «Մենք իրավունք չունենք մտածելու, թե պատգամավորների մեծ մասը խելագար կլինի եւ խելագար նախագահ կընտրվի, պետք է առաջնորդվել անմեղության կանխավարկածով եւ ամրագրել անձեռնմխելիության նորմըե,-ասաց Լ. Մկրտչյանը` նշելով, որ այդ դրույթները լուրջ քննություն են բռնել միջազգային կառույցների կողմից եւ ամրագրված են նաեւ եվրոպական մի շարք երկրների սահմանադրություններում: Հ.Հովհաննիսյանը համաձայնեց Լ. Մկտչյանի այն տեսակետին, որ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն 100 տոկոս համամասնական, եւ դա եւս պետք է ամրագրվեր նախագծում: Բանախոսները համակարծիք էին, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը պետք է լինի ուղղակի ընտրովի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում