5 րոպեի ընթերցում
«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկել է իր ամենամյա դրամահավաք-արշավը՝ «Մեր միջև Հայաստանը» խորագրով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնի հաղորդագրության մեջ։
Անկախ Հայաստանի առաջին հիմնադրամի տարեկան արշավն ավանդաբար միավորում է Հայաստանն ու Սփյուռքը՝ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին հնարավորություն տալով մասնակցելու Հայաստանի զարգացմանը։ Արշավը, ավանդույթի համաձայն, մեկնարկելու է համանուն կարճամետրաժ ֆիլմով։ Դրան հաջորդելու են հանրային իրազեկման միջոցառումները և հանդիպումները, որոնց ընթացքում Հիմնադրամը ներկայացնելու է տարեկան ծրագրերն ու դրանց աջակցելու հնարավորությունները։
«Այս տարվա արշավով մենք ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանը ոչ միայն մեր ընդհանուր արժեքն է, այլև մեր համատեղ պատասխանատվությունը։ Հիմնադրամի առաքելությունը մարդկանց միջև կապերի ամրապնդումն է՝ անկախ նրանց բնակության վայրից,աշխարհայացքից ու կենսափորձից։ Հենց մարդուց մարդ փոխանցվող վստահության, համերաշխության և համագործակցության միջոցով է ձևավորվում այն համահայկական ներուժը, որը կարող է ծառայել Հայաստանի զարգացմանը», - ասել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը։
Նշվում է, որ այս տարվա դրամահավաքն ընդգրկում է երեք ռազմավարական և նվիրատուների կողմից նախաձեռնած մի շարք նախագծեր , որոնց ֆինանսավորման համար անհրաժեշտ է ընդհանուր առմամբ շուրջ 1 միլիարդ 973 միլիոն դրամ։ Ռազմավարական նախագծերից մեկով՝ Գյումրու Մուշ թաղամասի զարգացման ծրագրով, նախատեսվում է կառուցել 66 բնակարան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 44 և Գյումրու երկրաշարժից տուժած 22 ընտանիքի համար։ Ծրագիրը ներառում է նաև 75 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցում, հանրային այգու ստեղծում, «Թումո Բոքսի» տեղադրում, ինչպես նաև մշակութային-կրթական կենտրոնի կառուցում։ Ծրագրի ընդհանուր բյուջե ՝ 6 806 267 120 դրամ, որից ֆինանսավորման համար անհրաժեշտ է 931 939 036 դրամ։
Հաջորդ նախագծով նախատեսվում է կառուցել մեկ բուժամբուլատորիա և երկու մանկապարտեզ Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքներում առաջնային բուժօգնության և նախադպրոցական կրթության հասանելիությունը բարելավելու համար։ Այս ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 1 161 055 600 դրամ, որից ֆինանսավորման համար անհրաժեշտ է 420 540 000 դրամ։ Ռազմավարական երրորդ ծրագրի այս տարվա փուլի շրջանակում շարունակվելու է Սյունիքի մարզում Սպանդարյանի ջրանցքի վերականգնման ծրագիրը։ Արդյունքում բարելավվելու է մինչև 2 800 հեկտար գյուղատնտեսական հողատարածքի ոռոգումը, ինչը նպաստելու է շուրջ 450 ընտանիքի՝ 1 940 բնակչի կենսապայմանների բարելավմանը։ Ջրանցքի ծրագրի ընդհանուր բյուջեն ՝ 6 034 772 994 դրամ, որից անհրաժեշտ ֆինանսավորման գումարը 109 918 924 դրամ է։
«Նվիրատուների կողմից նախաձեռնած ծրագրերից մեկի շրջանակում Բալահովիտում և Նալբանդյանում նախատեսվում է կառուցել 10 բնակելի տուն պատերազմի ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար։ Փաթեթը ներառում է նաև Սաղմոսավանի համայնքային կենտրոնի և Պատրիկ Դևեջյանի անվան քոլեջի մարզահրապարակի կառուցումը, Վերիշենի ջրամատակարարման համակարգի բարելավումը և բժշկական վտանգավոր թափոնների այրման կայանի տեղադրումը։ Այս նախագծերի ֆինանսավորման համար անհրաժեշտ է 510 732 677 դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշված նախագծերը հաստատվել են այս տարվա սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած տարեկան նիստում, որի ընթացքում Հիմնադրամի նորանշանակ տնօրեն Արամայիս Ավետիսյանը ներկայացրել է զարգացման և առողջացման եռամյա ծրագիրը, այդ թվում՝ կազմակերպական արդյունավետության, հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման լրացուցիչ մեխանիզմները։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականի մարտի 3-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով։ Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է։ Կանոնադրությամբ նախատեսված 29 հոգանոց կազմում ընդգրկվում են 14 ի պաշտոնե անդամ, կազմակերպությունների և կառույցների ութ ներկայացուցիչ ու յոթ նշանավոր գործիչ։ Ըստ Հիմնադրամի համախմբված տվյալների՝ հիմնադրումից ի վեր այն իրականացրել է անկախ Հայաստանի հասարակական հատվածի երբևէ ամենամեծ ծավալի նախագծային աշխատանքը՝ ընդհանուր առմամբ 1 136 ծրագիր։ Դրանց 43,6 տոկոսն ուղղվել է կյանքի որակի բարելավմանը, իսկ 29 տոկոսը՝ ենթակառուցվածքների զարգացմանը։
Հիմնադրամը կոչ է անում համայն հայությանը համախմբվել ու մասնակցել դրամահավաք-արշավին և ակնկալում է ձեր ուշադրությունն ու աջակցությունը՝ մարդկանց օգնելու և նրանց կյանքի որակը բարելավելու համար։