Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.
3 րոպեի ընթերցում
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը նպատակ ունի անցյալի հակամարտության, թշնամանքի և ատելության կողքին ձևավորել նոր իրողություններ՝ միտված խաղաղ ապագային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախաձեռնության 5-րդ հանդիպման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հայկական կողմի համակարգող Արեգ Քոչինյանը։
Նա ընդգծեց, որ նախաձեռնությունը երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսության ձևաչափ է և չպետք է դիտարկել որպես բանակցային գործընթաց։ «Սա, այնուամենայնիվ, երկու քաղաքացիական հասարակությունների միջև տարվող երկխոսություն է։ Սրանք բանակցություններ չեն, ուստի մենք չենք կարող խոսել ինչ-որ շոշափելի, զգալի արդյունքների մասին, որոնք կարելի է հաշվել և ցույց տալ հասարակությանը։ Այս երկխոսության միջոցով մենք փորձում ենք ոչ թե հաղթահարել այն, ինչ ստեղծվել է հակամարտության, թշնամանքի ու ատելության տասնամյակների ընթացքում, այլ անցյալի կողքին ստեղծել ինչ-որ նոր բնականոն վիճակ, նոր իրողություններ, նոր պատմություն»,- ասաց Քոչինյանը։
Նրա խոսքով՝ երկխոսության ընթացքում խոսքը ոչ թե անցյալը մոռանալու կամ պատմությունը փոխելու, այլ ապագային միտված նոր օրակարգ ձևավորելու մասին է։ «Այստեղ ոչ ոք չի խոսում մոռացության, անցյալի փոփոխության, պատմության փոփոխության մասին։ Այստեղ մենք քննարկում ենք խաղաղ գործերի թղթապանակը, նոր գործերի թղթապանակը, որոնք ուղղված են ապագային, այնպիսի իրողությունների ստեղծմանը, որոնցում մեր երկու հասարակությունները կկարողանան հարևանների պես ապրել խաղաղության և համերաշխության պայմաններում»,- նշեց նա։
Անդրադառնալով հանդիպման օրակարգին՝ Քոչինյանը տեղեկացրեց, որ քննարկվել են հարցերի լայն շրջանակ՝ նախորդ հանդիպումից՝ ընթացիկ տարվա ապրիլից հետո տեղի ունեցած զարգացումները, երկու հասարակություններում մտահոգություններ առաջացրած թեմաները, ինչպես նաև այն գործընթացները, որոնք նպաստել են երկու երկրների միջև խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանը։ Նա հայտնեց, որ հանդիպում է տեղի ունեցել նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հետ։ Ըստ Քոչինյանի՝ այն նախատեսվածից ավելի երկար է տևել, քանի որ ադրբեջանական պատվիրակության անդամները բազմաթիվ հարցեր են ուղղել ԱԽ քարտուղարին, որոնք ստացել են պատասխաններ։ Քոչինյանի խոսքով՝ նախաձեռնության հետագա աշխատանքը շարունակվելու է թեմատիկ հանձնաժողովներում։