ԱՄՆ իշխանությունները SpaceX-ին թույլատրել են ուղեծիր դուրս բերել 1 մլն արբանյակ՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով
4 րոպեի ընթերցում
ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովը (FCC) թույլատրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությանը ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակներից բաղկացած խմբավորում՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նոյեմբերի 25-ին հայտնել է գերատեսչությունը։
SpaceX-ը դեռ այս տարվա սկզբին դիմել էր FCC-ին՝ մինչև մեկ միլիոն ուղեծրային հաշվողական մոդուլ տեղակայելու թույլտվություն ստանալու համար։ Դրանք նախատեսված են Երկրի վրա օգտագործման ենթակա հսկայական ծավալի տվյալներ մշակելու համար։
FCC-ն հայտնել է, որ հաստատել է SpaceX-ի «Starmind» արբանյակային խմբավորման տեղակայումը՝ արհեստական բանականության համար հաշվողական հզորությունների արագ աճող պահանջարկը բավարարելու նպատակով։
«Կապի դաշնային հանձնաժողովն առաջին անգամ ԱՄՆ պատմության մեջ թույլտվություն է տրամադրել տիեզերքում տվյալների մշակման կենտրոնների արբանյակային խմբավորման ստեղծման համար։ Ամերիկայում գերհզոր արհեստական բանականության զարգացման համար այս վճռորոշ պահին FCC-ն SpaceX ընկերությանը իրավունք է տվել ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն ուղեծրային հաշվողական մոդուլ՝ Երկրի վրա օգտագործման համար նախատեսված հսկայական ծավալի տվյալներ մշակելու նպատակով», - ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ։
FCC-ի փաստաթղթերի համաձայն՝ SpaceX-ը պետք է արբանյակների տեղակայումը սկսի ոչ ուշ, քան 2033 թվականի նոյեմբերն է։ Մինչև 2035 թվականի նոյեմբերը ուղեծրում պետք է տեղակայվի 100 հազար արբանյակ, իսկ մինչև 2038 թվականի նոյեմբերը՝ առնվազն կես միլիոն։
SpaceX-ը FCC-ին հայտնել է, որ արևային էներգիայի գրեթե անընդհատ օգտագործման, ինչպես նաև շահագործման և սպասարկման ցածր ծախսերի շնորհիվ արբանյակները կապահովեն ծախսերի և էներգաարդյունավետության էական բարելավում՝ միաժամանակ զգալիորեն նվազեցնելով Երկրի վրա գտնվող տվյալների կենտրոնների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։
Reuters-ը հայտնում է, որ դեռևս հստակ չէ՝ արդյոք SpaceX-ն իրականում մտադիր է ուղեծիր դուրս բերել հենց մեկ միլիոն արբանյակ։ Ներկայում Երկրի ուղեծրում կա շուրջ 17 հազար արբանյակ։ Ընկերությունները երբեմն թույլտվություն են խնդրում նախատեսվածից ավելի մեծ թվով արբանյակներ տեղակայելու համար՝ հետագայում նախագծի իրականացման ավելի լայն հնարավորություններ ունենալու նպատակով։
Մասնավորապես, Starlink համակարգի տեղակայումը սկսելուց առաջ SpaceX-ը թույլտվություն էր խնդրել 42 հազար արբանյակ արձակելու համար։ Ներկայում այդ ցանցում կա ավելի քան 11 հազար արբանյակ։
Starmind անվանումը ստացած նախագծի շրջանակում Իլոն Մասկի ընկերությունը նախատեսում է հաշվողական գործընթացների մի մասը տեղափոխել ուղեծիր։ Այնտեղ մոդուլները գրեթե անընդհատ հասանելիություն կունենան արևային էներգիային, իսկ տիեզերական ցածր ջերմաստիճանները կարող են օգնել դրանց սառեցմանը։
Արբանյակները նախատեսվում է տեղակայել 500-2000 կմ բարձրության վրա։ Միմյանց հետ տվյալների փոխանակման համար դրանք կօգտագործեն լազերային կապ։ Մոդուլները կկարողանան միանալ Starlink ինտերնետային արբանյակային համակարգին և դրա միջոցով տվյալներ փոխանցել Երկիր։
Նախագծի իրականացմանը դեմ են արտահայտվել ամերիկյան մի շարք խոշոր ընկերություններ, այդ թվում՝ Amazon-ը և Viasat-ը, ինչպես նաև Ամերիկյան աստղագիտական ընկերությունը (AAS)։
Փորձագետների կարծիքով՝ լրացուցիչ մեկ միլիոն արբանյակների տեղակայումը կարող է լրջորեն բարդացնել իրավիճակը Երկրի ուղեծրում։ Ներկայումս այնտեղ գտնվում է շուրջ 17 հազար արբանյակ, որոնցից ավելի քան 11 հազարը պատկանում է SpaceX-ի Starlink արբանյակային ինտերնետային ցանցին։