Ֆոն դեր Լայենը նշել է մի քանի նախապայման, որոնք ցույց կտան Մոսկվայի տրամադրվածությունը բանակցություններին
1 րոպեի ընթերցում
Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլին կմասնակցի նաև եվրոպական թիմը։ Նա նաև նշել է մի քանի նախապայման, որոնք ցույց կտան, որ Մոսկվան լուրջ է տրամադրված բանակցություններին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նստաշրջանի ելույթում, որի տեսանյութը տարածել է ChatEurope ալիքը։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին շատ կարևոր է, քանի որ Ուկրաինայի անվտանգությունն ուղղակիորեն կապված է Եվրոպայի անվտանգության հետ։
Նա նաև նշել է, որ առաջընթացը կգնահատվի՝ հիմնվելով Ռուսաստանի գործողությունների, ոչ թե խոսքերի վրա։
Եվրահանձնաժողովի նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է համաձայնի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ ձմեռային հրադադարի և Սև ծովով պարեն տեղափոխող նավերի անվտանգ անցման վերաբերյալ գործարքի։
«Սրանք կարևոր քայլեր կլինեն, որովհետև դրանք ցույց կտան, որ Ռուսաստանը լուրջ է տրամադրված բանակցություններին», - հայտարարել է ֆոն դեր Լայենը։