Կանանց նկատմամբ բռնության վերացումը ոչ միայն իրավունքների պաշտպանության հարց է, այլև իրավահավասար, անվտանգ և արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման. ՄԻՊ

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ը ՄԻՊ գրասենյակի տաչածած ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․

«Հարգելի՛ գործընկերներ,

Սիրելի´ հայրենակիցներ,

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը ևս մեկ առիթ է` վերարժևորելու կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, բարձրաձայնելու կանանց նկատմամբ բռնության անթույլատրելիության մասին և վերահաստատելու դրա բոլոր դրսևորումների կանխարգելման ու վերացմանն ուղղված մեր հանձնառությունը։

Կանանց նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների լրջագույն խնդիրներից է, որը ոչ միայն ոտնահարում է անձի արժանապատվությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, այլև սահմանափակում է հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու, կրթություն ստանալու, աշխատելու և սեփական ներուժն իրացնելու հնարավորությունները։

Բռնության որևէ դրսևորում չի կարող արդարացվել ավանդույթներով, հասարակական ընկալումներով կամ անձնական հանգամանքներով։

Չնայած իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի զարգացմանն ուղղված քայլերին՝ կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Հատկապես մտահոգիչ են այն հասարակական կարծրատիպերն ու խտրական ընկալումները, որոնք հաճախ նպաստում են բռնության հանդեպ հանդուրժողականության ձևավորմանը և բռնության ենթարկված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության խոչընդոտմանը։ Ցավալի է, որ այդպիսի տեսակետներ հաճախ տարածում են մեծ լսարան ունեցող հանրային գործիչներ` այդպիսով նպաստելով բռնության նկատմամբ հանդուրժողականության խորացմանը:

Ողջունելի են այս փուլում ոլորտի իրավական կարգավորումների կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և բռնության կանխարգելման ու աջակցության հասանելի մեխանիզմների վերաբերյալ հանրային իրազեկման լայնածավալ արշավները։

Այս համատեքստում անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ բռնության կանխարգելումը պահանջում է ինչպես իրավական պատշաճ կարգավորումների առկայություն, այնպես էլ հետևողական աշխատանք՝ ուղղված գենդերային հավասարության մշակույթի ձևավորմանը, խտրականության և կարծրատիպերի հաղթահարմանը, ինչպես նաև մարդու արժանապատվության և իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը։

Առանձնահատուկ նշանակություն ունի բռնության ենթարկված անձանց համար աջակցության և պաշտպանության արդյունավետ, հասանելի ու վստահելի մեխանիզմների ապահովումը։ Կարևոր է, որ յուրաքանչյուր կին և աղջիկ, անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից կամ այլ հանգամանքներից, կարողանա ստանալ անհրաժեշտ աջակցություն, պաշտպանված զգա և վստահ լինի, որ իր բարձրաձայնած խնդիրը կստանա պատշաճ արձագանք։

Միաժամանակ, խնդրի արդյունավետ լուծումը ենթադրում է բոլոր դերակատարների հետևողական ու համակարգված համագործակցություն։

Կարևոր է նաև ոլորտում ներգրավված մասնագետների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը, որպեսզի բռնության յուրաքանչյուր դեպք ստանա ժամանակին, համարժեք և արդյունավետ արձագանք։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կանանց իրավունքների պաշտպանությունը, գենդերային հավասարության խթանումը, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության կանխարգելումն ու դրա դեմ պայքարը համարում եմ իմ գործունեության կարևոր առաջնահերթություններից մեկը։

Հայերեն English

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է հութիների հարձակումները թագավորության ենթակառուցվածքների դեմ

Հայաստանը դառնում է արհեստական բանականության գլոբալ հաբ. Մայքլ Դել

Կանանց նկատմամբ բռնության վերացումը ոչ միայն իրավունքների պաշտպանության հարց է, այլև իրավահավասար, անվտանգ և արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման. ՄԻՊ

Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին

Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններին

Եվրաինտեգրմանն ուղղված հայկական նախաձեռնությունը Մոլդովայում կայացած միջազգային ֆորումում արժանացավ մրցանակի

Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

Սաուդյան Արաբիան թիրախավորել է Եմենի Հոդեյդայի նավահանգստը. հութիները խոստացել են կոշտ պատասխան

Փհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը