Արամ Ասատրյանի մասին ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին․ այն կինոթատրոններում կլինի փետրվարի 4-ից
3 րոպեի ընթերցում
Երգիչ Արամ Ասատրյանի կյանքի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին։
Ֆիլմը կինոթատրոններում կցուցադրվի 2027 թվականի փետրվարի 4-ից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միսակ Ոսկանյանի մարմնավորմամբ հանդիսատեսը կտեսնի Արամ Ասատրյանին նաև բեմից դուրս՝ իր մտահոգություններով, ընտանիքի հանդեպ պատասխանատվությամբ ու կյանքի շրջադարձային որոշումներով։
Ֆիլմն անդրադառնում է երգչի կյանքի՝ հանրությանը քիչ հայտնի դրվագներին՝ մանկությանը, ընտանիքի սոցիալական դժվարություններին ու երաժշտական ճանապարհին։ Պատմության առանցքում 1990-ականների Հայաստանի իրականությունն ու հայրենիքից հեռանալու դժվարին որոշումն են։
Երգչի անձնական պատմության միջոցով ֆիլմը հարց է բարձրացնում, թե ինչ գին ունի հաջողությունը, երբ ընտանիքիդ ապագան ապահովելու համար ստիպված ես թողնել տունն ու տարիների ընթացքում կառուցած կյանքը։ «Շատերն Արամ Ասատրյանին ճանաչում են նրա երգերով։ Մեզ հետաքրքրում էր՝ ինչ ճանապարհ էր նա անցել մինչև բեմ բարձրանալը ու ինչ որոշումներ էր ստիպված կայացնել, երբ արդեն ճանաչված երգիչ էր։ Դրանցից ամենադժվարներից մեկը հայրենիքից հեռանալն էր։ Այդ որոշման մեջ շատ ընտանիքներ կարող են ճանաչել նաև իրենց պատմությունը»,- նշում է Ֆիլմի պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը, որի աշխատանքների թվում են «Սուրբը», «84-ի ամառը», «11», «Շախմատիստը» և «Ռաունդ» սերիալները։
«Երբ առաջարկեցին Արամ Ասատրյանի մասին ֆիլմ նկարել, մտածեցի՝ բոլորս գիտենք նրա երգերը, բայց նրա կյանքի մասին ի՞նչ գիտենք։ Հանդիսատեսը թող սպասի Արամի կյանքի դրվագներ, որոնք, կարծում եմ, շատերին կզարմացնեն։ Ինձ էլ են զարմացրել, երբ սկսեցի ծանոթանալ նրա պատմությանը»,- ասում է Ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանը, որը հանդիսատեսին հայտնի է «Մի՛ վախեցիր», «Սուրբը 2», «Չնչիկ» և «Մոսկվիչ, իմ սեր» նախագծերով։
Նրա ռեժիսորական աշխատանքների թվում է նաև միջազգային կինոփառատոններում մրցանակների արժանացած «Փրկության քարտեզը» վավերագրական ֆիլմը։ Արամ Ասատրյանի կյանքի մասին պատմող գեղարվեստական ֆիլմը 2027 թվականի փետրվարի 4-ից կցուցադրվի Հայաստանի բոլոր կինոթատրոններում։ Ֆիլմի պրեմիերաներ կկայանան նաև Ռուսաստանում և ԱՄՆ-ում։