1 րոպեի ընթերցում
Վրաստանի փրկարարները վերջին զոհի մարմինն են դուրս բերել Թբիլիսիի Պոնիչալայի թաղամասում գազի պայթյունի հետևանքով մասնակիորեն փլուզված շենքի փլատակներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին։
«Փրկարարական աշխատանքները, փաստորեն, ավարտված են։ Բարեբախտաբար, ընդհանուր առմամբ, օրվա ընթացքում փրկարարները բուժհաստատություններ են տեղափոխել հինգ մարդու, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Օրվա երկրորդ կեսին փլվածքների տակից դուրս են բերել վեց զոհված քաղաքացիների, այդ թվում՝ մեկ փոքրահասակ երեխայի մարմիններ», - Թամազաշվիլու խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Շենքում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբեր 19-ի առավոտյան։ Նախնական վարկածով՝ արտակարգ պատահարի պատճառը գազի արտահոսքն է եղել բնակարաններից մեկում։