Երևանում կկայանա միջազգային ջազային ֆորում, որտեղ կներկայացվի ակումբների միջև փոխանակման հարթակ

4 րոպեի ընթերցում

Երևանում նոյեմբերի 21-ին կկայանա «Տեղական բեմերից դեպի միջազգային ցանցեր» միջազգային ֆորումը, որի ընթացքում կգործարկվի Jazz Clubs Exchange Platform-ը (JCEP, Ջազ ակումբների փոխանակման հարթակ)։ Հարթակը կօգնի հայաստանյան և արտասահմանյան ջազ ակումբներին կազմակերպել երաժիշտների փոխադարձ այցեր։ JCEP-ը հիմնադրել են Ուլիխանյան ջազ ակումբը և Wilco կապիտալի կառավարման ընկերությունը։ Ֆորումն անցկացվում է առաջին JazzJans փառատոնի շրջանակում։

«JCEP-ի միջոցով ուզում ենք մեկանգամյա համերգները վերածել երկկողմանի, երկարաժամկետ կապերի, որպեսզի մեր երաժիշտները ելույթ ունենան գործընկեր ակումբների բեմերում, իսկ նրանց երաժիշտները՝ մեր ակումբում։ Ֆորումն իր հերթին Հայաստանից և այլ երկրներից երաժիշտներին ու կազմակերպիչներին հնարավորություն է տալիս բաց քննարկել այն հարցերը, որոնք այսօր արդիական են բեմի համար։ Հեռանկարում այս կապերից կարող է ծնվել մեծ միջազգային ջազ փառատոն Հայաստանում»,– նշել է Ուլիխանյան ջազ ակումբի հիմնադիր Վարդան Ուլիխանյանը։

Փոխանակման սկզբունքով է կառուցված նաև JazzJans փառատոնը, որը նոյեմբերի 19–29-ը կմիավորի Երևանի և Թբիլիսիի ջազային բեմերը։ Նոյեմբերի 19–22-ը վրացի երաժիշտները ելույթ կունենան Երևանում, իսկ նոյեմբերի 27–29-ը հայ երաժիշտները կմեկնեն Թբիլիսի։

Ֆորումին կմասնակցեն միջազգային ջազ ակումբների, մշակութային կազմակերպությունների և մասնագիտական ցանցերի, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։ Հյուրերի թվում են Europe Jazz Network-ի տնօրենների խորհրդի անդամ, Ռոտերդամի BIRD փառատոնի երաժշտական ծրագրի համադրող Ռալուկա Բայկուն, Ֆրանսիայի Երաժշտության ազգային կենտրոնի (Centre National de la Musique, CNM) միջազգային նախագծերի մենեջեր Բենժամեն Դեմելեմեստերը, Թբիլիսիի «1984» ջազ ակումբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Դանիել Ադիկաշվիլին և Դուբայի Jass Lounge-ի ծրագրերի և արտիստների ներգրավման պատասխանատու Տոնա Իսիդրոնը։

Ֆորումի ընթացքում կներկայացվի JCEP-ի աշխատանքի մոդելը։ «Հայկական երաժշտացանց» նախաձեռնությունը կպատմի, թե ինչպես է մեկ համերգը վերածվում երկարաժամկետ համագործակցության։ «Միջազգային մշակութային համագործակցություն» պանելային քննարկման մասնակիցները կքննարկեն փոխանակումներից հյուրախաղերի անցումը, գործնական և ֆինանսական խոչընդոտները, ինչպես նաև պետական կառույցների և դիվանագիտական առաքելությունների դերը։ Ծրագրում ներառված են նաև կենդանի ջազային կատարումներ։

«Մենք մտածում ենք երկարաժամկետ հեռանկարով և գնահատում ենք այն կապերը, որոնք գործում են տարիներ շարունակ։ Ուստի, դառնալով Ուլիխանյան ջազ ակումբի գործընկերը, ցանկացանք աջակցել ոչ թե առանձին համերգի, այլ այն ամենին, ինչը կմնա դրանից հետո։ JCEP-ը ակումբներին տալիս է մշտական փոխանակման գործիք, և մենք ուրախ ենք դառնալ հարթակի համահիմնադիրը։ Իսկ ստեղծագործական որոշումները մնում են հենց ակումբների ձեռքում»,– նշել է Wilco-ի գործադիր տնօրենի տեղակալ Օլգա Օմելչենկոն։

Ֆորումը կանցկացվի նոյեմբերի 21-ին՝ ժամը 14:30-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում (Մելիք-Ադամյան փողոց, 2/2)։

Մասնակցությունն ազատ է, նախնական գրանցումը՝ պարտադիր։ Գրանցումը հասանելի է հետևյալ հղումով։

Հայերեն English Русский

Երևանում կկայանա միջազգային ջազային ֆորում, որտեղ կներկայացվի ակումբների միջև փոխանակման հարթակ

Սի-Թրամփ-Պուտին հանդիպումն ավարտվել է

Հեղափոխությունից հետո 9.1 միլիարդ դոլար լրացուցիչ մուտքեր ենք ունեցել պետական բյուջե․ Նիկոլ Փաշինյան

Սի Ծինփինը կոչ է արել ամբողջությամբ վերացնել միջուկային զենքը

Լիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը

Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ ընդդիմությունը չի ընդունում Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ վարչապետի առաջարկը

Բրիտանիան ավելի քան 1000 հեռահար հարվածային ԱԹՍ կտրամադրի Ուկրաինային

Նիկոլ Փաշինյանը նշեց նոր Սահմանադրությամբ Անվտանգության խորհուրդը լուծարելու հիմնավորումը

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում 3 լցանավ է պայթել ականների վրա

Չինաստանում մեկնարկել է Սի-Պուտին-Թրամփ եռակողմ գագաթնաժողովը