2 րոպեի ընթերցում
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը լավ է անցել, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքով՝ առաջնորդները քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերն ու երկկողմ հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հանդիպումը տևել է մոտ 35-40 րոպե: Ուշակովն այն բնութագրել է որպես «լավ հանդիպում»։ Նրա խոսքով՝ այն նախապատրաստական բնույթ է կրել՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների եռակողմ գագաթնաժողովին ընդառաջ։
Նա նշել է, որ առանձնապես կարևոր հայտարարություններ չեն հնչել, քանի որ կողմերը պատրաստվում են եռակողմ ձևաչափով կայանալիք հիմնական հանդիպմանը։
«Քննարկել ենք եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր։ Բնականաբար, անդրադարձել ենք նաև ուկրաինական հակամարտության կարգավորմանը», - նշել է Ուշակովը։
Նա հավելել է, որ Ուկրաինայի թեման գերակշռող է եղել նախագահների հանդիպման ընթացքում:
ՌԴ նախագահի օգնականը նաև հայտնել է, որ Թրամփի հետ հանդիպման ավարտից հետո Պուտինը դուրս է եկել «պարզապես գերազանց» տրամադրությամբ։
Ուշակովը նաև նշել է, որ ռուսական պատվիրակությունը Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների երկկողմ հանդիպման ընթացքում ծանոթացել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Սթիվեն Միլլերի հետ։