Ավանդների ու վարկերի տոկոսադրույքների տարբերության աճը մանրամասն ուսումնասիրություն է պահանջում․ Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ նախարարությունը հետևում է բանկերի ներգրաված միջոցների և տրամադրած վարկերի տոկոսադրույքների տարբերության ընդլայնմանը, իսկ դրա պատճառները մանրամասն ուսումնասիրության կարիք ունեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը նոյեմբերի 18-ին խորհրդարանում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում պատասխանել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։

Աբրահամյանը նշել է, որ Կենտրոնական բանկի կողմից քաղաքականության տոկոսադրույքի բարձրացման պայմաններում, իր դիտարկմամբ, քաղաքացիների ավանդների տոկոսադրույքները նվազում են, իսկ վարկերինը՝ բարձրանում։ Նա հետաքրքրվել է ֆինանսների նախարարության դիրքորոշմամբ՝ հավելելով, որ հարցն ուղղելու է նաև ԿԲ նախագահին։

«Այսօրվա դրությամբ ունենք մի իրավիճակ, երբ բանկերում մարդկանց ավանդների տոկոսներն իջել են անհասկանալի պայմաններում, իսկ վարկեր ունեցող քաղաքացիների տոկոսները գնալով բարձրանում են։ Այստեղ նաև հետաքրքիր է ֆինանսների նախարարության դիրքորոշումը»,- ասել է Աբրահամյանը։

Հովհաննիսյանը համաձայնել է պատգամավորի դիտարկմանը՝ նշելով, որ նախարարությունը նույնպես ուշադրությամբ հետևում է տոկոսադրույքների տարբերությանը՝ սփրեդին։

«Ես համաձայն եմ Ձեր դիտարկումների հետ։ Դա մի հարց է, որին նաև մենք ենք շատ ուշադիր հետևում՝ սփրեդին, այսինքն՝ ներգրավվող տոկոսներին և վարկային պորտֆելի տոկոսադրույքին»,- հայտարարել է նախարարը։

Նա ընդգծել է, որ վարկերի տոկոսադրույքները ձևավորվում են նաև ռիսկայնության և այլ հանգամանքների ազդեցությամբ։

«Ընդհանուր առմամբ կարելի է տեսնել այդ սփրեդի ընդլայնումը։ Բայց թե որոնք են այն շարժիչ ուժերը, որոնք ավանդների տոկոսներն իջեցնում են ներքև կամ վարկերի տոկոսները բարձրացնում են վերև, դա ավելի մանրամասն ուսումնասիրության հարց է։ Հնարավոր չէ ուղղակի այսպես ընդհանուր դատողություն անել դրա մասին»,- ասել է Հովհաննիսյանը։ 

Հայերեն English