Սլովակիայում ցույցեր են անցկացվել վարչապետ Ֆիցոյի հրաժարականի պահանջով

2 րոպեի ընթերցում

Սլովակիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության, Կրեմլի հետ նրա կապերի, լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողության քաղաքականության, իրավունքի գերակայության սկզբունքի ոտնահարման դեմ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Deutsche Welle-ն հաղորդում է, որ նոյեմբերի 17-ին տեղի ունեցած բողոքի ցույցերը նվիրված էին 1989 թվականին Չեխոսլովակիայում Թավշյա հեղափոխության մեկնարկի 37-րդ տարվան։

Ամենամարդաշատ հանրահավաքը տեղի է ունեցել Բրատիսլավայի Սլովակիայի ազգային ապստամբության հրապարակում։ Ցույցը կազմակերպած ընդդիմադիր «Առաջադեմ Սլովակիա» կուսակցության տվյալներով՝ դրան մասնակցել է շուրջ 25 000 մարդ։

AFP գործակալության հետ զրույցում ցուցարարներից մի քանիսը հայտնել են, որ դժգոհ են Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարի՝ վերջերս Մոսկվա կատարած այցից։

Հավաքվածները պահանջել են վարչապետ Ֆիցոյի և նրա գլխավորած կառավարության հրաժարականը։

Ֆիցոյի գլխավորած իշխող կոալիցիան վերջերս կորցրել է խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը, քանի որ մի շարք պատգամավորներ դուրս են եկել կոալիցիայի կազմից։

Այդ ժամանակից ի վեր ընդդիմությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, սակայն նման որոշում ընդունելու համար բավարար թվով ձայներ չունի։

Հայերեն Русский