3 րոպեի ընթերցում
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել է, որ երթևեկության խախտումների համար տուգանքների բարձրացումը բավարար չէ խցանումները նվազեցնելու համար։ Նա անհրաժեշտ է համարել ուսումնասիրել վարորդների վարքագիծը և դիտարկել նաև անհարկի ձայնային ազդանշաններն արձանագրող համակարգերի կիրառման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը նոյեմբերի 17-ի նիստում այս մասին խոսել է ճանապարհային անվտանգությանն առնչվող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ։
«Ես շարունակում եմ պնդել, որ պետք է վարքագծային վերլուծության ենթարկել մեր երթևեկությունը, մեր վարորդների հոգեբանությունը։ Բոլոր այն խախտումները, որ կան, և բոլոր այն տուգանքները, որ մենք ավելացնում ենք, ես կարծում եմ, որ լուծում չի։ Հատվածական լուծումներով հնարավոր չի հասնել ծանրաբեռնված այս խցանումների նվազեցման»,- ասել է Խամոյանը։
Որպես օրինակ՝ նա անդրադարձել է վճարովի կայանատեղիների սակագների բարձրացմանը՝ նշելով, որ, իր գնահատմամբ, դրանից հետո մայրաքաղաքի կենտրոնում կայանատեղիների խնդիրը չի լուծվել։
Պատգամավորը կասկած է հայտնել նաև երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տուգանքն ավելացնելու արդյունավետության վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ եթե վարորդին չի զսպում երեխայի անվտանգությանը սպառնացող վտանգը, ավելի բարձր տուգանքը ևս կարող է չփոխել նրա վարքագիծը։
Խամոյանն անդրադարձել է նաև վարորդների կողմից ձայնային ազդանշանների չարաշահմանը։
«Այսօր ազդանշանը ոչ թե զգուշացնող գործիք է, այլ իր վիրավորանքը և զայրույթը արտահայտելու միջոց»,- նշել է նա։
Պատգամավորը մատնանշել է այն իրավիճակները, երբ լուսացույցի կանաչ ազդանշանը միանալուց անմիջապես հետո վարորդները սկսում են ազդանշաններ տալ՝ ճնշում գործադրելով առջևում գտնվող մեքենայի վարորդի վրա։
Հղում կատարելով արտասահմանյան փորձին՝ Խամոյանն առաջարկել է դիտարկել ակուստիկ տեսահսկման համակարգերի կիրառումը, որոնց միջոցով հնարավոր կլինի արձանագրել անհարկի ազդանշանները։ Նրա գնահատմամբ՝ նման վարքագծի նկատմամբ ֆինանսական ու իրավական հետևանքների կիրառումը կարող է որոշ չափով նպաստել խնդրի լուծմանը։
Միաժամանակ նա ընդգծել է երթևեկության կազմակերպմանն առնչվող հարցերը համապարփակ ուսումնասիրելու անհրաժեշտությունը՝ տեխնիկական զննությունից մինչև իրավախախտումների պատճառների վերլուծություն։
«Ես շարունակում եմ պնդել, որ այս հարցը պետք է համակարգային լուծում ունենա, պետք է ստեղծվի կոնկրետ մի մարմին»,- ասել է Խամոյանը։