Մոսկվայի վրա ճնշումն ավելացնելու մասին Եվրոպայի խոստումները չեն նպաստում խաղաղության գործընթացին. Պեսկով
3 րոպեի ընթերցում
Ռուսաստանը անհրաժեշտ է համարում հասկանալ, թե որքանով կարող է Եվրոպայի դիրքորոշումը նպաստել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պեսկովին հարց են ուղղել, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում նրան, որ Եվրոպան ցանկանում է միանալ ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցություններին իր ընտրած ձևաչափով՝ «եվրոպական հնգյակի» երկրների և ԵՄ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Մինչ այժմ բանակցությունները համաձայնեցվել են եռակողմ ձևաչափով, այսինքն՝ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ։ Խոսակցություններ են եղել նաև եվրոպացիներին բանակցային գործընթացում ներգրավելու հնարավորության մասին, սակայն մենք բազմիցս ընդգծել ենք, որ կցանկանայինք հենց եվրոպացիներից հասկանալ, թե որքանով է նրանց դիրքորոշումն ի վիճակի նպաստելու խաղաղության գործընթացին», - հայտարարել է Պեսկովը։
Նա նշել է, որ Եվրոպայից մինչ այժմ հնչող հայտարարությունները՝ Կիևին անվերապահ աջակցությունը պահպանելու և Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելու մասին, ավելի շուտ վկայում են խաղաղության գործընթացին նպաստելու ցանկության բացակայության մասին։
«Սակայն, կրկին նշեմ, տեսնենք՝ միգուցե հնարավոր լինի հստակեցնել եվրոպացիների դիրքորոշումը և որոշակի եզրակացության հանգել բանակցային գործընթացի ներկա փուլում նրանց մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ», - հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Եվրոպան Ուկրաինային առավելագույն աջակցություն կցուցաբերի և առավելագույն ճնշում կգործադրի Ռուսաստանի վրա։ Նա նաև նշել էր, որ Եվրոպան ակտիվորեն կներգրավվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում Ե5+Եվրամիություն ձևաչափով: Հնգյակի մեջ են մտնում Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Լեհաստանը:
Այս ֆոնին ԵՄ երկրներն ընդլայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ցանկում ներառելով ևս 145 ֆիզիկական և իրավաբանական անձանց: