2 րոպեի ընթերցում
Հորդանանի Հանրային անվտանգության վարչությունը հայտարարել է Թագավորության տարածքում Telegram հավելվածն արգելափակելու մասին։ Որոշումն ընդունվել է թվային անվտանգության ամրապնդման, օգտատերերի պաշտպանության և թվային հարթակների օգտագործման հետ կապված ռիսկերի ու օրենքի խախտման դեպքերի կանխարգելմանն ուղղված ջանքերի շրջանակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հորդանանի Petra լրատվական գործակալությունը:
Վարչությունից պարզաբանել են, որ նման հարթակների նկատմամբ միջոցառումները նպատակ ունեն պաշտպանել հասարակությանը և կանխել դրանց այնպիսի օգտագործումը, որը կարող է նպաստել կիբերհանցագործությունների, սպառնալիքների ու շանտաժի իրականացմանը, ինչպես նաև օրենքին հակասող և հասարակության անվտանգությանը սպառնացող բովանդակության տարածմանը։ Դրանք ուղղված են նաև ծայրահեղականության և արմատական հայացքների տարածման փորձերի կանխմանը, որոնք կարող են վտանգել ազգային անվտանգությունը։
Հանրային անվտանգության վարչությունը քաղաքացիներին կոչ է արել զգոնություն ցուցաբերել սոցիալական ցանցերից օգտվելիս, չարձագանքել անհայտ աղբյուրներից ստացվող հաշիվներին, հղումներին և հաղորդագրություններին, ինչպես նաև պաշտոնական ուղիներով հայտնել օրենքի խախտման դեպքերի կամ անօրինական բովանդակության մասին։
Վարչությունը նաև ընդգծել է ծնողական վերահսկողության կարևորությունը՝ կոչ անելով ընտանիքներին վերահսկել երեխաների կողմից օգտագործվող սոցիալական ցանցերը և թվային հավելվածները, բարձրացնել ռիսկերի վերաբերյալ նրանց իրազեկվածությունը։