Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում քննարկել է Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության համագործակցության զարգացումը
1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Յան Սոնդերսի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը և ԵՄ-ում ու ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդ Միքայել Խաչատրյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ից հայտնում են, որ կողմերը քննարկել են Հայաստան–ՀՄԿ գործընկերության ընթացիկ արդյունքներն ու կարողությունների զարգացման առաջնահերթությունները։ ՊԵԿ նախագահը կարևորել է ՀՄԿ շարունակական տեխնիկական և փորձագիտական աջակցությունը՝ առանձնացնելով «Խելացի մաքսատուն» (Smart Customs) ծրագրի շրջանակում արհեստական բանականության, ռիսկերի կառավարման և թվային սահմանի ներդրման ուղղությամբ իրականացվող համատեղ քայլերը։
Անդրադարձ է կատարվել նաև նախորդ և ընթացիկ տարիներին մաքսանենգության դեմ պայքարի, հետբացթողումային հսկողության և ռազմավարական առևտրի վերահսկողության ոլորտներում անցկացված մասնագիտական դասընթացների արդյունավետությանը։