Մի շարք ավիաընկերություններ երկարաձգել են դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը՝ հութիների հարձակումների ֆոնին
2 րոպեի ընթերցում
Մի շարք միջազգային ավիաընկերություններ երկարաձգել են դեպի Սաուդյան Արաբիա կատարվող չվերթերի կասեցումը Եմենի հութիների կողմից հրթիռների և անօդաչու թռչող սարքերի շարունակվող հարձակումների ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Հնդկական Akasa Air ավիաընկերությունը հայտարարել է, որ դեպի Էր Ռիադ և Ջիդդա բոլոր չվերթերը կասեցված կմնան մինչև նոյեմբերի 30-ը՝ հաշվի առնելով անվտանգության հետ կապված մտահոգությունները։
Մեկ այլ հնդկական ավիաընկերություն՝ IndiGo-ն, երկարաձգել է դեպի Էր Ռիադ և Դամմամ ծառայությունների կասեցումը մինչև նոյեմբերի 30-ը, իսկ դեպի Ջիդդա և Մեդինա կատարվող չվերթերը չեղարկված կմնան մինչև նոյեմբերի 21-ը։
Air India-ն և Air India Express-ը նույնպես կասեցրել են դեպի Էր Ռիադ, Ջիդդա և Դամմամ չվերթերը մինչև նոյեմբերի 14-ը։
Եվրոպական ավիափոխադրողները հայտարարել են ավելի երկար կասեցումների մասին։ Նիդեռլանդական KLM ավիաընկերությունը չեղարկել է դեպի Էր Ռիադ և Դամմամ չվերթերը մինչև նոյեմբերի 27-ը, մինչդեռ British Airways-ը կվերսկսի Լոնդոն-Էր Ռիադ չվերթը 2027 թ. հունվարի 11-ին։
ԱՄԷ-ի Etihad Airways-ը դադարեցրել է դեպի Էր Ռիադ և Դամմամ չվերթերը մինչև նոյեմբերի 19-ը, իսկ Օմանի SalamAir-ը չեղարկել է նույն երկու քաղաքներ իրականացվող չվերթերը մինչև նոյեմբերի 30-ը։
Օդային երթևեկության խափանումները տեղի են ունեցել Սաուդյան Արաբիայի օդանավակայանների, էներգետիկ օբյեկտների և այլ ենթակառուցվածքների, այդ թվում՝ Էր Ռիադում գտնվող «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանի վրա հութիների իրականացրած բազմաթիվ հարձակումներից հետո։