2 րոպեի ընթերցում
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կալե-Ֆրետեն երկաթուղային կայարանում նոյեմբերի 12-ի առավոտյան ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով ժամանակավորապես խափանվել է գնացքների երթևեկությունը՝ ազդելով ինչպես ներքին, այնպես էլ միջազգային երկաթուղային հաղորդակցության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ֆրանսիայի ազգային երկաթուղային օպերատոր SNCF-ը հայտնել է, որ ժանդարմերիայի կողմից երթևեկության վերսկսման թույլտվությունից հետո գնացքների երթևեկությունը վերականգնվել է։
Միջազգային արագընթաց գնացքների օպերատոր Eurostar-ը հայտնել է, որ միջադեպի հետևանքով խափանումներ են առաջացել Լոնդոնի և Փարիզի միջև որոշ երթուղիներում, քանի որ այդ ուղղությամբ շարժվող գնացքներն անցնում են Կալե-Ֆրետեն կայարանով։
Վերջերս Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում ռումբերի տեղադրման մասին ահազանգերի նոր ալիք է գրանցվել։ Դրանց թիրախում են հայտնվել օդանավերը, դպրոցները և որոշ դեպքերում՝ լրատվամիջոցները։
Նոյեմբերի 11-ին ռումբի տեղադրման մասին ահազանգեր է ստացել Իտալիայի շուրջ 6300 դպրոց: Կատարվել են տարհանումներ, դպրոցները փակվել են: Թեմայի շուրջ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կառավարության նիստ է անցկացրել: Նա հայտարարել է, որ ահազանգերը կեղծ են եղել, իրավիճակը հսկողության տակ է:
Նման ահազանգեր են ստացել նաև Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության բազմաթիվ դպրոցներ: