2 րոպեի ընթերցում
ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումը հնարավոր է մեկ կամ երկու շաբաթից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ի հետ զրույցում հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։
«Կարող է ամերիկացիների, ուկրաինացիների, ռուսների և եվրոպացիների միջև տեխնիկական մակարդակով նոր հանդիպում տեղի ունենալ մեկ-երկու շաբաթ անց։ Դա հաջողություն կլինի»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ նա կոչ է արել սպասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա այցի արդյունքներին։
«Կարծում եմ՝ կա իրական հնարավորություն, որ եվրոպացիները կլինեն բանակցությունների սեղանի շուրջ», - նշել է նախագահը։
Ստուբը հավելել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է, այդ պատճառով էլ հոկտեմբերի 27-ին ինքը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ֆինլանդիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ նշվել էր, որ Ստուբը և Ստյորեն Պուտինի հետ զրույցում հանդես չեն եկել ամբողջ Եվրոպայի անունից, այլ ներկայացրել են միայն Հելսինկիի և Օսլոյի դիրքորոշումները։