2 րոպեի ընթերցում
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 10-ի առավոտյան մահացած Արսեն Գևորգյանին շտապօգնություն կանչելուց առաջ առաջին բուժօգնություն է ցուցաբերել հերթապահ բուժակը։ Գևորգյանը հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական գանգատներ չի ներկայացրել։
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980 թ. ծնված կալանավորված անձ (կալանքի սկիզբը՝ 21.10.2026 թ.) Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակը, որը կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնությունը։ Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը։
Նշենք, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել»,- ասել է Նավիկյանը։
Գևորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանի ավագանու ընտրություններից չորս օր առաջ։ Նույն օրը Հակակոռուպցիոն դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Վարույթի շրջանակում ընդհանուր առմամբ ձերբակալվել էր 14 անձ։
Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած մեղադրանքի համաձայն՝ Գևորգյանը մի քանի տասնյակ ընտրողի գումար էր տվել «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու պայմանով։Գևորգյանը չէր ընդունում մեղադրանքը։