Խորհրդարանական ընտրությունների ընթացքում և նախընտրական շրջանում արձանագրված ընտրական հանցագործությունների մասով նախաձեռնվել է 243 քրվարույթ․ Արթուր Նահապետյան
2 րոպեի ընթերցում
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հայտնել է, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում և նախընտրական շրջանում արձանագրված ընտրական հանցագործությունների մասով նախաձեռնվել է 243 քրվարույթ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշել է, որ 276 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթ է ուղարկվել դատարան։
«Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության կարևոր առաջնահերթություններից է ընտրական գործընթացների օրինականության պաշտպանությունը և ընտրական կոռուպցիայի դեմ հետևողական պայքարը։ Սկզբունքային այս մոտեցումը գործնական արտահայտություն է ստացել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների ժամանակահատվածում։ Ընտրական գործընթացների ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է 243 քրեական վարույթ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 321 անձանց նկատմամբ, 276 անձանց մասով մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթ է ուղարկվել դատարան։ Հատկանշական է, որ համապետական ընտրությունների ընթացքում բացահայտված դեպքերի շուրջ 70 տոկոսը նախաձեռնվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների ներկայացրած հաղորդումների հիման վրա։
Միաժամանակ, քննությունների ընթացքում վեր են հանվել ընտրական հանցագործություններին նպաստող օրենսդրական բացեր և այլ հանգամանքներ։ Դրանց վերացման նպատակով համապատասխան առաջարկություններ են ներկայացվել պատկան մարմիններին»,- ասել է Հակակոռուպցիոն կամիտեի նախագահը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայացած ընտրություններից առաջ անցկացված նախընտրական քարոզարշավի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու մասին Հակակոռուպցիոն կոմիտեն մի քանի տասնյակ դեպքեր էր բացահայտել։