Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման, սոցիալական աջակցության և զբաղվածության ծրագրերում նախատեսվում են փոփոխություններ

10 րոպեի ընթերցում

Ղարաբաղից տեղահանված անձանց բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերին նվիրված ասուլիս

Ղարաբաղից տեղահանված անձանց բնակապահովման պետական ծրագրի շրջանակում արդեն իրացվել է 5372 հավաստագիր, իսկ սոցիալական աջակցության մի շարք ծրագրերի ժամկետները երկարաձգվել են։ Միաժամանակ, բնակապահովման ծրագրում նախատեսվում են նոր փոփոխություններ, իսկ 2027 թվականի հունվարի 1-ից կմեկնարկի զբաղվածության խթանման նոր ծրագիր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեցին ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության ներկայացուցիչները՝ ներկայացնելով Ղարաբաղից  տեղահանված անձանց աջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքներն ու առաջիկա փոփոխությունները։

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի խոսքով՝ բնակապահովման աջակցության ծրագրում ներկայում բավական ակտիվ շրջան է՝ ինչպես դիմումների ներկայացման, այնպես էլ հավաստագրերի տրամադրման և իրացման առումով։

«Այս պահին արդեն ունենք 9042 հաստատված հավաստագիր, ընդհանուր առմամբ շուրջ 37 հազար անձ, նրանցից  5372 ընտանիք արդեն իրացրել է հավաստագրերը։ Սա նշանակում է, որ շուրջ 25 հազար տեղահանված անձ պետության աջակցությամբ Հայաստանում ձեռք է բերել անշարժ գույք կամ ներկայում գտնվում է կառուցապատման փուլում»,- նշեց Ղարագյոզյանը։

Նրա խոսքով՝ իրացված հավաստագրերի թվով առաջատարը Կոտայքի մարզն է, որտեղ բնակարանային աջակցության ծրագրից օգտվել է 1534 ընտանիք։ Հաջորդում են Արմավիրի և Արարատի մարզերը՝ համապատասխանաբար 830 և 748 ընտանիքով։ Երևանում հավաստագիր է իրացրել 537 ընտանիք, Լոռիում՝ 442, Սյունիքում՝ 264, Գեղարքունիքում՝ 204, Շիրակում՝ 191, Արագածոտնի մարզում՝ 184, Տավուշում՝ 111, իսկ Վայոց ձորում՝ 74 ընտանիք։

Անդրադառնալով անշարժ գույքի շուկայում արձանագրված գնաճին և փոքրաթիվ ընտանիքների համար բնակարան ձեռք բերելու դժվարություններին՝ Ղարագյոզյանը նշեց, որ ծրագրի շրջանակում խրախուսվում է ոչ թե Երևանում գույքի ձեռքբերումը, այլ տարածքային համաչափ զարգացումը։

Նրա խոսքով՝ նույնիսկ մեկ կամ երկու անդամից բաղկացած ընտանիքների համար հնարավոր է հավաստագրերի իրացումը՝ առանց հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման։

Մասնավորապես՝ մեկ անդամից բաղկացած 188 ընտանիքից 105-ը, երկու անդամից բաղկացած 502 ընտանիքից 267-ը, իսկ երեք անդամից բաղկացած 703 ընտանիքից 336-ը հավաստագրերն իրացրել են առանց լրացուցիչ միջոցների։

«1462 ընտանիք հավաստագրի իրացումից հետո ունեցել է դրական մնացորդ։ Այդ միջոցները հնարավոր է ուղղել բնակարանի վերանորոգմանը, կահույքի և կենցաղային տեխնիկայի, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերմանը։ Ներկայում 1086 ընտանիք ստացել է շուրջ 3,4 միլիարդ դրամի վերանորոգման վարկ, 973 ընտանիքի կահույքի և կենցաղային տեխնիկայի ձեռքբերման համար պետական բյուջեից հատկացվել է 1,6 միլիարդ դրամ, իսկ 80 ընտանիքի գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերման նպատակով տրամադրվել է 283 միլիոն դրամի վարկ»,- ասաց  Ղարագյոզյանը:

Բնակապահովման ծրագրի համար 2026 թվականին նախատեսվել է 31 միլիարդ դրամ, որի շուրջ կեսն արդեն օգտագործվել է։ 2027 թվականի պետական բյուջեով ծրագրի համար նախատեսված է 42 միլիարդ դրամ։

Ղարագյոզյանի խոսքով՝ հանրային քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից օգտվելու համար սահմանված ժամկետը 2025 թվականի հուլիսի 1-ից երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Երկրորդ փոփոխությամբ նախատեսվում է հնարավորություն տալ դրական մնացորդ ունեցող ընտանիքներին այդ գումարն ուղղել նաև լրացուցիչ հիփոթեքային վարկի մարմանը։

Երրորդ փոփոխությունը վերաբերում է շահառու ընտանիքներում ծնված երեխաներին։ Առաջարկվում է ծրագրի շահառու համարել նաև մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաներին՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով տրամադրելով 3, 4 կամ 5 միլիոն դրամ աջակցություն՝ կախված բնակավայրից։

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության ընտանիքի սոցիալական գնահատման և հրատապ սոցիալական աջակցության քաղաքականության բաժնի պետ Էդգար Բզնունին տեղեկացրեց, որ Ղարաբաղից հայ բնակչության տեղահանումից հետո իրականացվել են սոցիալական աջակցության մի շարք միջոցառումներ, որոնք ժամանակի ընթացքում դարձել են առավել հասցեական։

Ներկայում իրականացվում է  Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց աջակցության ծրագիրը և Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրվող լրացուցիչ հրատապ աջակցության միջոցառումը: Հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ նշված առաջին ծրագրով 46.000 անձ է աջակցություն ստացել, երկրորդ ծրագրով՝ 8600 ընտանիք:

Կառավարության որոշմամբ՝ այդ աջակցության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հունիսը ներառյալ։ 2027 թվականի հունվարից մարտ շահառուները կշարունակեն ստանալ ամսական 30 հազար դրամ, իսկ ապրիլից հունիս՝ 15 հազար դրամ.

«Հուլիս ամսին նախատեսվում է դադարեցնել այս աջակցության ծրագիրը, բայց, օրինակ, կարիքավոր ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կշարունակենք ևս մեկ տարի՝ մինչև 2027 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ»:

Նա ընդգծեց, որ սոցիալական աջակցության ծրագրերի վերանայումը չի նշանակում տեղահանված անձանց նկատմամբ պետական աջակցության պարտավորությունների դադարեցում։

«Պետք է հասկանանք, որ աջակցությունները գնալով պետք է լինեն թիրախային և հասցեական։ Մենք արդեն այն փուլում ենք, երբ պետք է մեր շահառուներին ավելի շատ ուղղորդենք դեպի զբաղվածություն և ինքնուրույնություն»,- նշեց Բզնունին։

Նա նշեց նաև, որ 2026 թվականի հուլիսից մեկնարկել է երկարաժամկետ վարձավճարի փոխհատուցման ծրագիր՝ նախատեսված Ղարաբաղից տեղահանված փոքրաթիվ և խոցելի ընտանիքների համար։

Ծրագրից կարող են օգտվել մեկից երեք անդամ ունեցող այն ընտանիքները, որոնք չեն օգտվել բնակապահովման հավաստագրից և բավարարում են սահմանված պայմաններին, այդ թվում՝ տարիքային կամ հաշմանդամության հետ կապված չափանիշներին։ Նախատեսվում է մինչև 10 տարի ժամկետով փոխհատուցել վարձավճարը՝ ընտանիքի յուրաքանչյուր տեղահանված անդամի հաշվով ամսական 40 հազար դրամի չափով։ Պարտադիր պայմաններից է նաև սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում հաշվառված լինելը։

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը նշեց, որ Ղարաբաղից տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրման կարևոր ուղղություններից է կայուն զբաղվածության ապահովումը։

Նրա խոսքով՝ 2024 թվականից իրականացված կարճաժամկետ ուսուցման և աշխատանքային փորձի ձեռքբերման աջակցության ծրագրում առաջին տարում նախատեսված 1000 անձի փոխարեն ընդգրկվել է շուրջ 1800 շահառու։ Հետագայում պահանջարկի նվազման և ծրագրի ընթացքում արձանագրված խնդիրների պատճառով մշակվել է նոր ծրագիր, որը նախատեսվում է մեկնարկել 2027 թվականի հունվարի 1-ից։ Նոր ծրագրի շրջանակում շահառուներին կտրամադրվի մինչև 250 հազար դրամ արժողությամբ կրթական վաուչեր, որը հնարավոր կլինի օգտագործել վեց ամսվա ընթացքում՝ մասնագիտական ուսուցում անցնելու նպատակով։

«Ծրագիրը նախատեսում է նաև գործատուների խրախուսում։ Աշխատանքի ընդունված շահառուի համար առաջին երեք ամիսներին գործատուին կփոխհատուցվի հաշվարկված եկամտային հարկի 50 տոկոսը՝ ամսական առավելագույնը 25 հազար դրամ, իսկ հաջորդ երեք ամիսներին՝ 100 տոկոսը՝ ամսական առավելագույնը 50 հազար դրամ։   Աջակցություն կտրամադրվի նաև շահառուին. երեք ամիս աշխատանքային հարաբերությունները պահպանելու դեպքում՝ միանվագ 100 հազար դրամ, իսկ 12 և ավելի ամիս աշխատելու դեպքում՝ ևս 200 հազար դրամ»,- ասաց Պեպանյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը չի սահմանափակվելու մասնագիտական որոշակի ոլորտներով։ Ուսուցման ուղղությունները կորոշվեն աշխատաշուկայի պահանջարկի հիման վրա։

Նա անդրադարձավ նաև 2026 թվականին մեկնարկած ինքնազբաղվածության խթանման ծրագրին, որին դիմել է շուրջ 280 անձ, իսկ հաստատում ստացել՝ 276-ը։ Ծրագիրը նախատեսում է բիզնես ուսուցում, գործարար նախաձեռնությունների ուղեկցում և դրական գնահատված բիզնես ծրագրերի համար դրամաշնորհների տրամադրում։

Պեպանյանը հավելեց, որ զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է նախարարության պաշտոնական կայքում, իսկ դրանց դիմելու և թափուր աշխատատեղեր փնտրելու համար քաղաքացիները կարող են օգտվել e-work.am հարթակից:

Հայերեն English

Խորհրդարանական ընտրությունների ընթացքում և նախընտրական շրջանում արձանագրված ընտրական հանցագործությունների մասով նախաձեռնվել է 243 քրվարույթ․ Արթուր Նահապետյան

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը դեռ քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը․ Պեսկով

Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31 համաժողովին

Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամ

Կուբան հայտարարել է, որ իր համար նախատեսված շուրջ 7 հազար բեռնարկղ ԱՄՆ-ի պատճառով արգելափակված է

Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման, սոցիալական աջակցության և զբաղվածության ծրագրերում նախատեսվում են փոփոխություններ

Կոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է․վարչապետ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը խոսել է Մարտի 1-ի գործի ընթացքի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նոր համալիրի կառուցման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Փաշինյան