Հակակոռուպցիոն կոմիտեի նոր համալիրի կառուցման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Փաշինյան
3 րոպեի ընթերցում
ՀՀ կառավարությունը մտադիր է հնարավորինս արագ լուծել Հակակոռուպցիոն կոմիտեի նոր շենքային պայմանների ապահովման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման 5-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստում։
«Բավականին երկար ժամանակ մենք լուծումներ ենք փնտրում կոմիտեի շենքային պայմանների հարցում։ Կոմիտեն տեղակայված է մի քանի վայրում և ակնհայտորեն նոր շենքային պայմանների կարիք ունի։ Կարծես թե արդեն համաձայնություն ենք ձեռք բերել, թե երբ, որտեղ, ինչպես և ինչ ժամկետներում պետք է տեղի ունենան Հակակոռուպցիոն կոմիտեի նոր համալիրի կառուցման և շահագործման հանձնման աշխատանքները։ Համոզված եմ, որ հնարավորինս արագ կլուծենք այդ խնդիրը»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ կառավարությունը պետք է շարունակական աջակցություն ցուցաբերի կոմիտեին՝ ապահովելով աշխատանքի համար անհրաժեշտ նյութատեխնիկական պայմանները և շարունակաբար զարգացնելով սոցիալական երաշխիքների համակարգը։ Վարչապետի խոսքով՝ կոմիտեի ձևավորման սկզբնական շրջանում դրա աշխատակիցների վարձատրության համակարգը էականորեն տարբերվում էր մյուս իրավապահ մարմինների աշխատակիցների վարձատրության համակարգից, սակայն այժմ դրանք հիմնականում հավասարվել են։
«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի առաջարկով կառավարությունում քննարկվում է նաև սոցիալական երաշխիքների համակարգի բարելավման հարցը՝ կառույցի երկարաժամկետ արդյունավետությունն ապահովելու նպատակով»,-հավելել է նա։
Անդրադառնալով ընտրական գործընթացներին՝ վարչապետն ընդգծել է Հակակոռուպցիոն կոմիտեի առանձնահատուկ դերը ընտրողների ազատ կամքի արտահայտման դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման և կանխարգելման գործում։
«Քաղաքացու քաղաքական կամքի արտահայտման վրա որևէ ճնշման գործադրում բացարձակապես անընդունելի է ինձ համար, կառավարության և մեր քաղաքական թիմի համար։ Ընտրակաշառքը, վարչական ռեսուրսի չարաշահումը, մարդկանց նկատմամբ ճնշումները բացարձակապես անընդունելի են»,-նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ժողովրդի ազատ կամարտահայտությունը հիմնարար և բացարձակ արժեք է, և այն պետք է պահպանվի ու պաշտպանվի։
Նիստի ավարտին վարչապետը պարգևներ է հանձնել Հակակոռուպցիոն կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարներին։