Թրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերը
2 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի աշխատանքը՝ հայտարարելով, որ վերջինս կշարունակի ղեկավարել ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Կարծում եմ՝ այո։ Նրան միանշանակ դուր է գալիս իր աշխատանքը, և նա գերազանց է կատարում այն։ Նա ֆանտաստիկ աշխատանք է անում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թրամփը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ավելի վաղ The Independent պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու նախապատրաստական աշխատանքների շրջանակում։ ԱՄՆ պետքարտուղարը հերքել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ ի սկզբանե մտադիր է եղել աշխատել մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը, և որ իրեն դուր է գալիս ներկայիս աշխատանքը։
Թրամփը 2028 թվականի նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածուների թվում նշել է նաև պետքարտուղարի անունը, սակայն հրաժարվել է այս պահին աջակցել որևէ թեկնածուի։
Մասնավորապես, երբ նրան հարցրել են, թե բացի փոխնախագահ Ջեյ Դի Վենսից, ում է տեսնում այդ թեկնածուների թվում, Թրամփը նշել է. «Կարծում եմ՝ Մարկոն (Ռուբիոն) հրաշալի է»։
«Բայց կան նաև շատ ուրիշներ, և ես կնախընտրեի անուններ չտալ։ Կան մի քանի սենատորներ, որոնք պարզապես հիանալի են։ Ես բոլորին ճանաչում եմ։ Նրանք ինձ շատ են դուր գալիս։ Այնպես որ, հնարավոր է՝ միջամտեմ, հնարավոր է՝ ոչ։ Չգիտեմ։ Գուցե ավելի լավ կլինի, որ չմիջամտեմ։ Կարծում եմ՝ եթե դա անեմ, մեծ ազդեցություն կունենա, քանի որ իմ աջակցությունը միշտ մեծ նշանակություն է ունեցել»,- հավելել է նախագահը։