Հայկական ծաղիկները՝ նոր շուկաների ճանապարհին․ արտահանման դիվերսիֆիկացումը պահանջում է ավելին, քան նոր ուղղությունների բացահայտումը
17 րոպեի ընթերցում
Հայաստանի ծաղկաբուծության ոլորտը փորձում է հաղթահարել ռուսական շուկայից կախվածությունը՝ բացահայտելով նոր արտահանման ուղղություններ։ Նիդեռլանդներում անցկացված IFTF 2026 միջազգային ցուցահանդեսին հայկական չորս ընկերությունների առաջին մասնակցությունը ցույց տվեց, որ հայկական արտադրանքն ունի միջազգային մրցունակության ներուժ։ Սակայն նոր շուկաներում ամրապնդվելու համար անհրաժեշտ են ոչ միայն արտադրողների նախաձեռնողականությունն ու գործարար կապերը, այլև պետական հետևողական աջակցություն, զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքներ և ֆինանսական հասանելիություն։
Հայկական ծաղիկներն առաջին անգամ ներկայացվել են Նիդեռլանդների Վեյֆհաուզեն քաղաքում նոյեմբերի 3–5-ը կայացած International Floriculture Trade Fair (IFTF) 2026 միջազգային ցուցահանդեսում։ Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեքաշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակում ցուցահանդեսին մասնակցել են հայկական կտրված ծաղիկներ արտադրող չորս ընկերություններ՝ Armenia Rose, Green House, Miss Rose և Rose Art։
IFTF 2026-ը, որին մասնակցել է շուրջ 30 երկրի 290 ընկերություն, ծաղկաբուծության ոլորտի միջազգային կարևորագույն առևտրային հարթակներից է։ Այն միավորում է աշխարհի տարբեր երկրների արտադրողներին, արտահանողներին, գնորդներին և ոլորտի մասնագետներին՝ հնարավորություն ստեղծելով ոչ միայն ներկայացնելու արտադրանքը, այլև անմիջականորեն ներգրավվելու միջազգային առևտրային ցանցերում։
Հայկական տաղավարում -ի թղթակիցը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող չորս ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե ինչ հնարավորություններ են բացահայտել հայկական արտադրողները միջազգային շուկայում, ինչ արդյունքներ են արձանագրել առաջին մասնակցության ընթացքում և ինչ պայմաններ են անհրաժեշտ նոր արտահանման ուղղություններում հաստատվելու համար։
Մասնակցությունը հատկապես կարևոր է Հայաստանի արտահանման աշխարհագրության փոփոխության համատեքստում։ Մինչև վերջերս հայկական ծաղկարտադրության արտահանման շուրջ 99 տոկոսն ուղղվում էր ռուսական շուկա։ Մայիսի 22-ին Ռուսաստանի կողմից Հայաստանից ծաղիկների, մրգերի և բանջարեղենի ներմուծման նկատմամբ սահմանափակումներից հետո ոլորտի ընկերությունները ստիպված եղան արագացնել նոր շուկաների որոնումը և վերանայել իրենց բիզնես ռազմավարությունները։
«Մենք նախկինում միակենտրոն էինք, բայց պետք է դառնանք բազմակենտրոն, պետք է ներկա լինենք ամենուր»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Armenia Rose»-ի հիմնադիր Արմանդ Պինարբասին՝ ընդգծելով, որ միջազգային ներկայությունը կարևոր է ոչ միայն առանձին ընկերությունների, այլև Հայաստանի գյուղատնտեսության և արտահանման զարգացման համար։
Հայկական արտադրողների առաջին մասնակցությունը միջազգային ցուցահանդեսին արդեն տվել է որոշակի արդյունքներ։ Ընկերությունների ներկայացուցիչների գնահատմամբ՝ հայկական ծաղիկների նկատմամբ հետաքրքրությունը եղել է ավելի լայն, քան միայն եվրոպական շուկան։ Կապեր են հաստատվել Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և այլ տարածաշրջանների գնորդների ու ոլորտի մասնագետների հետ։
Միջազգային առևտրի կենտրոնի աջակցությամբ իրականացվող ազգային ծրագրի ղեկավար Լիլիթ Ափուջանյանի խոսքով՝ մասնակցության կարևոր արդյունքներից մեկը Հայաստանի՝ որպես ծաղկարտադրող երկրի ճանաչելիության բարձրացումն էր։
«Այս երեք օրերի ընթացքում դրական իմաստով զարմացրել ենք բոլորին, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ կա արդյունաբերական արտադրության և արտահանման ենթակա ծաղիկների արտադրության ներուժ»,– նշել է նա։
Ափուջանյանի խոսքով՝ հայկական ընկերությունները հնարավորություն են ունեցել անմիջական հանդիպումներ ունենալ պոտենցիալ գնորդների հետ, ծանոթանալ շուկայի միտումներին, արտադրական տեխնոլոգիաներին և միջազգային պահանջներին։ Հայկական ծաղիկների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Լեհաստանից, Դուբայից և Սաուդյան Արաբիայից ժամանած մասնագետներ ու գնորդներ։
«Մենք չենք եկել միանգամից վաճառելու կամ մեծ պայմանագրեր կնքելու։ Մեր առաջին մասնակցությունն ավելի շատ շուկան ուսումնասիրելու, հասկանալու համար է, թե ինչ է պահանջվում»,– նշել է նա՝ ընդգծելով, որ միջազգային շուկա մուտք գործելը հետևողական աշխատանքի կարիք ունի։
Առաջին մասնակցության կոնկրետ արդյունքների մասին խոսելիս՝ «Armenia Rose»-ի հիմնադիր Արմանդ Պինարբասին նշել է, որ ընկերությունը ցուցահանդեսի ընթացքում ունեցել է առնվազն 30 գործարար կապ և մոտ 5–10 պայմանագրի կամ պատվերի հնարավոր հեռանկար։ Հետաքրքրությունը հիմնականում եղել է Արևելյան Եվրոպայի երկրներից։
Նրա խոսքով՝ ընկերությունը, որը նախկինում գրեթե ամբողջությամբ կախված էր ռուսական շուկայից, հինգ ամսից էլ պակաս ժամանակահատվածում կարողացել է արտահանման ներկայություն ապահովել մոտ տասը երկրում։ Ներկայում ընկերությունն արտահանում է իրականացնում Ղազախստան, Լեհաստան, Չեխիա, Ռումինիա և այլ երկրներ, փորձում է մուտք գործել Նիդեռլանդների և այլ շուկաներ։
«Ես նման արդյունք չէի սպասում։ Այստեղ այնքան շատ մարդիկ են հետաքրքրվում մեզնով, որ երեք օր շարունակ գրեթե ազատ րոպե չենք ունեցել»,– նշել է Պինարբասին՝ հավելելով, որ ցուցահանդեսի արդյունքները գերազանցել են իր նախնական ակնկալիքները։
«Green House» ընկերության գլխավոր տնօրեն Անժելա Խաչատրյանի խոսքով՝ նոր շուկաների բացահայտման համար ամենակարևորը համապատասխան գործընկերներ գտնելն է։ Ընկերության արտահանման գրեթե 99 տոկոսը նախկինում ուղղվում էր ռուսական շուկա, ուստի նոր ուղղությունների որոնումը պահանջում է ոչ միայն նոր գնորդների, այլև վստահելի գործարար հարաբերությունների ձևավորում։
«Այլ բան է վիրտուալ շփումը, այլ բան, երբ տեղում՝ դեմ առ դեմ հանդիպումներ են լինում։ Մարդիկ զարմանում են, որ Հայաստանը նման որակի վարդեր ունի։ Կոնտակտներ ենք փոխանակել, համագործակցության հնարավորություններ կան»,– նշել է Խաչատրյանը։
Նա ընդգծել է, որ այս մասնակցությունն ընկերության համար նաև ուսուցողական նշանակություն ուներ՝ հնարավորություն տալով հասկանալու նոր շուկաների պահանջներն ու այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են արտադրության և մատակարարման գործընթացներում։
Իր հերթին «Rose Art»-ի ներկայացուցիչ Գոհար Գալյանը նշել է, որ ընկերության համար ցուցահանդեսը կարևոր էր հատկապես նոր արտահանման ուղղությունների և անհրաժեշտ գործիքակազմի բացահայտման տեսանկյունից։ Ընկերությունը, որն ունի 35 հեկտար ջերմոցային տարածք և աճեցնում է ավելի քան 80 տեսակի վարդ, ցուցահանդեսի ընթացքում կապեր է հաստատել տարբեր երկրների գնորդների հետ, մասնավորապես՝ Հարավարևելյան Ասիայի երկրների և Թուրքիայի ներկայացուցիչների հետ։
Նրա խոսքով՝ հայկական արտադրանքը որակական առումով չի զիջում միջազգային մրցակիցներին, իսկ ցուցահանդեսը հնարավորություն է տվել ծանոթանալու նաև նոր տեսակների, արտադրական տեխնոլոգիաների և միջազգային չափանիշների փոփոխություններին։
Հայկական արտադրողների գնահատմամբ՝ միջազգային շուկայում հիմնական խնդիրը արտադրանքի որակը չէ, այլ դրա տեղափոխման արժեքը, ժամկետներն ու մատակարարման հուսալիությունը։
Եվրոպական շուկան ունի իր առանձնահատկությունները։ Եթե ռուսական շուկայի համար արտադրողները սովորել էին տարբեր տեսակների ծաղիկներ աճեցնել, ապա եվրոպական գնորդները հաճախ նախընտրում են կոնկրետ տեսակներ՝ մեծ և կայուն քանակներով։ Սա արտադրողներից պահանջում է հարմարեցնել արտադրական գործընթացները, տեսականին և մատակարարման կազմակերպումը։
«Green House»-ի գլխավոր տնօրեն Անժելա Խաչատրյանի խոսքով՝ լոգիստիկ ծախսերը բարձրացնում են արտադրանքի ինքնարժեքը և դժվարացնում մրցակցությունն այնպիսի երկրի հետ, ինչպիսին, օրինակ, Քենիան է, որտեղ ծաղիկների արտահանման ենթակառուցվածքները տարիների ընթացքում զարգացել են։
«Դիվերսիֆիկացիան մեկ օրվա կամ անգամ մեկ ամսվա գործընթաց չէ։ Այն ոլորտի համար, որը տարիներ շարունակ աշխատել է մեկ շուկայի ուղղությամբ, նոր շուկաների պահանջներին հարմարվելը շատ բարդ է։ Արտադրողը չպետք է մենակ մնա այդ գործընթացում»,– ընդգծել է Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ոչ միայն աջակցել ջերմոցային տնտեսություններին, այլև զարգացնել սպասարկող ամբողջ շղթան՝ լոգիստիկ ծառայություններից մինչև միջազգային պահեստներ և փոխադրումներ։ Ընկերության ներկայացուցիչը նաև նշել է, որ արտահանվող յուրաքանչյուր ծաղկի դիմաց գործող 75 դրամ սուբսիդավորումը բավարար չէ։ Մի քանի ջերմոցային տնտեսություններ հաշվարկներ են կատարել և կառավարությանը ներկայացրել առաջարկ՝ աջակցությունը մեկ ծաղկի դիմաց հասցնել առնվազն 125 դրամի։
Լոգիստիկայի խնդիրը կարևորում է նաև «Rose Art»-ի ներկայացուցիչ Գոհար Գալյանը։ Նրա գնահատմամբ՝ նոր շուկայում վստահելի մատակարար դառնալու համար անհրաժեշտ է ոչ միայն մրցունակ գին առաջարկել, այլև երաշխավորել, որ պատվիրած ծաղիկը կհասնի անհրաժեշտ քանակով և պայմանավորված ժամկետում։
«Մեզ անհրաժեշտ են ենթակառուցվածքներ, որոնք կնպաստեն լոգիստիկ ուղիների զարգացմանը։ Դրանք կարող են լինել սառնարանային պայմաններով արտասահմանյան պահեստներ, ինչպես նաև պետական աջակցությամբ իրականացվող ավիափոխադրումներ։ Լոգիստիկ խնդիրները բարձրացնում են ինքնարժեքը և չեն օգնում մեզ մրցունակ լինել»,– նշել է Գալյանը։
Նրա խոսքով՝ հայկական արտադրողները նոր շուկայում դեռ պետք է ձեռք բերեն գնորդների վստահությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է ապահովել մատակարարումների շարունակականություն և կայունություն։
Նոր շուկաներ մուտք գործելու համար ընկերություններին անհրաժեշտ են ոչ միայն գործարար կապեր և լոգիստիկ լուծումներ, այլև երկարաժամկետ ֆինանսավորում։ Ծաղկաբուծությունը կապիտալատար ոլորտ է, իսկ եվրոպական շուկայի պայմաններում ներդրումների վերադարձը կարող է տևել 10–15 տարի։
«Miss Rose»-ի հիմնադիր տնօրեն Հրայր Աթանեսյանի խոսքով՝ եվրոպական շուկայում շահութաբերության մարժան համեմատաբար փոքր է, ուստի ընկերությունների համար կարևոր է ունենալ ավելի երկարաժամկետ վարկային գործիքներ։
«Մեր գործը կհեշտանա, եթե վարկային պորտֆելը հինգից յոթ տարվա փոխարեն դառնա, օրինակ, տասը տարի։ Եվրոպայում ջերմոցների ներդրումների վերադարձը տասից տասնհինգ տարի է կազմում»,– նշել է Աթանեսյանը։
Նրա խոսքով՝ եվրոպական շուկայից բացի հեռանկարային ուղղություններից մեկը կարող է լինել նաև Թուրքիան։ Եթե հայկական արտադրողներին հաջողվի մուտք գործել այդ շուկա, այն կարող է դառնալ արտահանման կարևոր նոր ուղղություն։
Պետական աջակցության դերը կարևորում են բոլոր չորս ընկերությունների ներկայացուցիչները։ Նրանց գնահատմամբ՝ արդեն իսկ իրականացվող աջակցության ծրագրերը կարևոր հնարավորություն են ստեղծել միջազգային ցուցահանդեսին մասնակցելու և նոր շուկաներ որոնելու համար։ Միաժամանակ, առկա գործիքակազմը պետք է շարունակաբար վերանայվի՝ հաշվի առնելով ոլորտի իրական ծախսերն ու միջազգային մրցակցության պայմանները։
«Armenia Rose»-ի հիմնադիր Արմանդ Պինարբասին, շնորհակալություն հայտնելով արդեն ցուցաբերված պետական աջակցության համար, առաջարկում է այն դարձնել առավել արդյունքահեն։ Նրա կարծիքով՝ պետությունը պետք է ընկերություններին տրամադրի բավարար աջակցություն, բայց միաժամանակ սահմանի հստակ ժամկետներ և արդյունքային չափանիշներ։
Նա, մասնավորապես, առաջարկում է 12-ամսյա ժամանակահատվածում տրամադրել ավելի մեծ աջակցություն՝ ընկերությունների մրցունակությունը գործնականում գնահատելու համար։ Նրա խոսքով՝ այդ մոտեցումը թույլ կտա արագ հասկանալ՝ արդյոք ընկերությունները կարողանո՞ւմ են հասնել միջազգային շուկայում անհրաժեշտ արդյունքներին։
Պինարբասին ընդգծում է նաև, որ պետական աջակցությունը պետք է ավելի մեծ մասշտաբով և ավելի համակարգված իրականացվի։ Առանց այդ աջակցության հայկական ընկերությունները դժվարությամբ կկարողանային ներկայանալ միջազգային նման հարթակներում։
Ծաղկաբուծության ոլորտի զարգացումը միայն արտահանման ծավալների կամ նոր առևտրային գործընկերների հարց չէ։ Այն անմիջականորեն կապված է մարզերում աշխատատեղերի պահպանման, գյուղական համայնքների տնտեսական ակտիվության և հատկապես կանանց զբաղվածության հետ։
«Armenia Rose»-ում օրինակ աշխատում է 80 մարդ, որոնց մեծամասնությունը կանայք են։ Ընկերության հիմնադրի խոսքով՝ աշխատակիցների շուրջ 80 տոկոսն այս ընկերությունում ստացել է իր առաջին աշխատանքային փորձը։ Նրա գնահատմամբ՝ արտադրության շարունակականությունը կարևոր է նաև այն համայնքների համար, որտեղ ջերմոցային տնտեսությունները դարձել են զբաղվածության հիմնական աղբյուրներից մեկը։ Այս տեսանկյունից արտահանման նոր շուկաների բացահայտումը դառնում է ոչ միայն բիզնեսի շարունակականության, այլև գյուղական համայնքների տնտեսական կայունության կարևոր գործոն։
IFTF-ի մարքեթինգի պատասխանատու Ջասփեր վան Դեկի գնահատմամբ՝ նոր երկրի ներկայությունը միջազգային ցուցահանդեսում կարևոր է ինչպես այդ երկրի, այնպես էլ ամբողջ ոլորտի զարգացման համար։ Սակայն մեկ մասնակցությամբ երկրի ներուժը գնահատել հնարավոր չէ։ Միջազգային ճանաչելիությունը, վստահությունը և կայուն գործարար հարաբերությունները ձևավորվում են հետևողական ներկայության շնորհիվ։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է փորձի ներկայանալ որպես միասնական արդյունաբերություն՝ շարունակաբար մասնակցելով միջազգային հարթակներին և զարգացնելով կապերը տարբեր երկրների հետ։
Այս մոտեցումը համահունչ է նաև հայկական ընկերությունների ակնկալիքներին։ Արտադրողները ցանկանում են հաջորդ տարի ցուցահանդեսին ներկայանալ ավելի մեծ կազմով, ավելի լավ պատրաստված և պետական ավելի ընդգրկուն աջակցությամբ։
Հայաստանի համար IFTF 2026-ը ցույց տվեց, որ նոր շուկաների բացահայտման հնարավորություններ կան, իսկ հայկական արտադրանքը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային գնորդների շրջանում։ Սակայն ցուցահանդեսում ձեռք բերված կապերը դեռ պետք է վերածվեն երկարաժամկետ պայմանագրերի, կայուն մատակարարումների և արտահանման չափելի աճի։
Արտահանման դիվերսիֆիկացումը չի սահմանափակվում մեկ նոր շուկա գտնելով։ Այն պահանջում է արտադրական կարողությունների հարմարեցում, միջազգային ստանդարտների պահպանում, մրցունակ ինքնարժեք, հասանելի ֆինանսավորում և արդյունավետ լոգիստիկ համակարգ։
Հայկական ծաղկաբուծության առաջին քայլն արդեն արված է։ Հաջորդ խնդիրը նոր շուկաներում ոչ միայն ներկայություն ապահովելն է, այլև այդ ներկայությունը կայուն տնտեսական արդյունքի վերածելը։
«Մեկ ծաղկով գարուն չի գա»,– նկատել է ազգային ծրագրի ղեկավար Լիլիթ Ափուջանյանը՝ ընդգծելով, որ մեկ մասնակցությամբ հնարավոր չէ նվաճել նման մասշտաբի շուկա։ Անհրաժեշտ է հետևողական աշխատանք, արտադրողների և պետության համագործակցություն, ինչպես նաև միջազգային հարթակներում շարունակական ներկայություն։
Հայկական ծաղիկներն արդեն ներկայացվել են միջազգային շուկայում։ Հիմա կարևոր է, որ դա վերածվի կայուն արտահանման, նոր գործարար հնարավորությունների և Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման իրական արդյունքների։