Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին
3 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները Բրյուսելում Ուկրաինայի հարցով կայացած բանակցությունները որակել է արդյունավետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան X սոցիալական հարթակում։
«Այսօր Բրյուսելում ԱՄՆ-ն արդյունավետ և բովանդակալից քննարկումներ է անցկացրել Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և մեր եվրոպացի գործընկերների հետ՝ կայուն խաղաղության երկու կարևոր և փոխկապակցված բաղադրիչների շուրջ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների և եվրոպական անվտանգության ավելի լայն ճարտարապետության վերաբերյալ», - ասվում է Քուշների գրառման մեջ։
Նա հավելել է, որ նպատակն է գործնական, փոխհամաձայնեցված գործողությունների միջոցով հասցեագրել բոլոր կողմերի անվտանգության մտահոգությունները՝ նվազեցնելով ապագայում հակամարտության առաջացման ռիսկը։
Քուշների խոսքով՝ Աբու Դաբիում նախատեսված բանակցություններին ընդառաջ ԱՄՆ-ն աշխատում է ռուս-ուկրաինական հակամարտության երկու կողմերի հետ՝ մշակելու «լուրջ առաջարկներ», որոնք քննարկումները կդարձնեն հնարավորինս բովանդակալից և արդյունավետ։
Քուշները շեշտել է, որ Վաշինգտոնը կենտրոնացած է անհրաժեշտ աշխատանքների իրականացման վրա՝ «համապարփակ և երկարաժամկետ համաձայնության» հասնելու նպատակով։
Մի քանի ժամ հետո X-ում արված մեկ այլ գրառման մեջ Քուշները նշել է, որ ուսումնասիրվում է հինգ հիմնական նպատակ՝ մշտական անվտանգության հարցերով խորհրդակցությունների անցկացում, ճգնաժամային իրավիճակներում հուսալի հաղորդակցության ապահովում, ռազմական գործունեության թափանցիկության բարձրացում, լարվածության սրման ռիսկերը նվազեցնելու նպատակով փոխադարձ միջոցառումների իրականացում, Եվրոպայի երկարաժամկետ անվտանգության և կայունության ապահովման համար տևական մեխանիզմի ստեղծում։
«Ցանկացած պայմանավորվածություն պետք է լիովին հարգի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը։ Յուրաքանչյուր երկիր կպահպանի սեփական անվտանգության և դաշինքների ընտրության հարցում որոշումներ կայացնելու իրավասությունը, և որևէ պետություն չի ունենա մյուսի ինքնիշխան ընտրությունների վրա վետոյի իրավունք։ ՆԱՏՕ-ն կշարունակի առանցքային դեր ունենալ Եվրոպայի հավաքական պաշտպանության գործում, իսկ այս նախաձեռնությունը կլրացնի և կզարգացնի արդեն գոյություն ունեցող կառույցներն ու պարտավորությունները», - հավելել է նա։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել Կիևի համար անվտանգության հնարավոր երաշխիքների շուրջ։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում։